Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացել է Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում՝ տեղեկացնում է TASS-ը:
Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են նաև էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որոնք զեկույցներով հանդես են եկել գազատարով մատակարարումների սկսվելու արարողությունից առաջ: Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ցուցադրել են նախագծի տեսաշնորհանդեսը: Սրահում, որտեղ կայացել է արարողությունը, ներկա էին նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան: