Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Կոմկուսի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Յուշչենկոն հայտարարել է, որ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին էթիկայի հանձնաժողովի առջև պետք է պատասխանատու լինի Կարմիր հրապարակում ցուցաբերած իր վարքի համար: Այդ մասին հայտնում է Nation News-ը:
Յուշչենկոն մարդկային և քաղաքական տեսակետից անքաղաքավարի է համարում Ժիրինովսկու պահվածքը, որը մարդկանց փող էր բաժանել Կարմիր հրապարակում՝ նրանց անվանելով «ճորտեր»:
«Սա ուղղակի գռեհկություն է մարդկանց նկատմամբ», – ասել է Յուշչենկոն՝ շեշտելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Ժիրինովսկին Կարմիր հրապարակում տոնավաճառի այցելուներին գումար է բաժանում՝ մարդկանց անվանելով «ճորտեր և ստրուկներ»: