Հեղափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական կյանքը ուղեկցվում է հիբրիդային պատերազմի դրսևորումներով. օրերս էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հայտնի ֆեյք էջի և տարածված կեղծ գրառման մասին, որը տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ինչպե՞ս կարող է նման գրառումը սպառնալ ազգային անվտանգությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան Գերգույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ազատ Արշակյանն ընդգծեց, որ անհայտ մեկի հենց այնպես արած գրառումը չի կարող սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նրա խոսքով՝ ունենք ինստիտուտներ, որոնք պետք է անմիջապես արձագանքեն, կարևոր են պաշտոնական հայտարարությունները: «Վտանգ չկար, այդ աղմուկն իզուր էր, հարկավոր էր ճիշտ ժամանակին պաշտոնական հայտարարությունը տարածել»,- նշեց նախկին պատգամավորը:
Ռոբերտ Ղևոնդյանը նույնպես կարծիք հայտնեց, որ ընդհանրապես ֆեյքնյուզի դեմ հնարավոր է պայքարել միայն իրական տեղեկատվություն տարածելով: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդպիսի գրառումները կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար. «Մենք ունենք «բարեկամներ», որոնք այդպիսի կեղծ լուրերի են սպասում, որպեսզի փորձեն տարածել որպես իրական լուր: Փառք Աստծո, վարչապետը, իշխանությունը կարողացան ժամանակին կանխել: Ճիշտ կլինի այսպիսի ֆեյք նորություններ տարածողներին ամբողջապես բացահայտել և արգելել այդպիսի գործողություն ծավալել. դա իրականում գործողություն է Հայաստանի դեմ»:
«Տեղեկատվական պատերազմը 21-րդ դարի ուղեկիցն է լինելու, և մենք պետք է սովորենք այդ պատերազմում կռվել»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը: Վերլուծաբանը նաև նշեց, որ կարևոր է պետական տեղեկատվական քաղաքականությունը:
Մանրամասն՝ տեսանյութում: