Իրաքցի ազդեցիկ քարոզիչ Մուքթադա աս Սադրը կոչ է արել շիաներին միջազգային դաշինք կազմել և աջակցել Իրանին։ նա նաև կոչ է արել փակել Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և բոյկոտել ԱՄՆ-ից եկող արտադրանքը։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը։
Աս Սադրի հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի իշխանությունները որոշել են դուրս բերել երկրի սահմաններից բոլոր արտասահմանյան զորքերը։ Այդ որոշումը աս Սադրն անվանել է «խղճուկ պատասխան» ուղղված Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարմանը։
Տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով։ Իրանի առաջնորդ Ալի Համենեին խոստացել է վրեժ լուծել գեներալի սպանության համար։