Իրանը հարվածներ կհասցնի ԱՄՆ ռազմական օբյեկտներին, հայտարարել է հանրապետության բարձրագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Հոսեյն Դեհգանը, հաղորդում է CNN-ը:
Դեհգանը, ըստ հեռուստաալիքի, շեշտել է, որ հարձակումն՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության, իրականացվելու է անմիջականորեն իրանական ուժերի կողմից, և ոչ թե Մերձավոր Արևելքում Թեհրանի վերահսկողության ներքո գտնվող տարբեր գրոհայինների կամ զինված խմբավորումների:
ԱՄՆ ռազմական զորակազմն այս շրջանում շատ մեծ է, գրում է CNN-ը: Միայն Սաուդյան Արաբիայում կան «հազարավոր ամերիկացի զինվորներ», իսկ Իրաքի տարածքում է գտնվում մի քանի բազա՝ մոտ հինգ հազար ամերիկյան զինծառայողներով: Բացի այդ, Քաթարում է գտնվում Միացյալ Նահանգների խոշոր Ալ-Ուդեյդ ավիաբազան, ինչպես նաև որոշ թվով զինվորականներ կան Հորդանանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում: