Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է Վճռաբեկ դատարանում բողոքարկել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին Վերաքննիչ դատարանի վճիռը, որով երկրորդ նախագահը շարունակեց մնալ անազատության մեջ: Նախորդ տարեվերջին ստեղծված երկրորդ նախագահի պաշտպանության հանձնախմբի համակարգողը հայտարարեց, թե մարտիմեկյան գործի դատավարության ձգձգումը ունի վտանգ, որ հանրությունը կարող է անտարբեր դառնալ, այսպես ասած սովորել դատավարությանը: Այդպես, ըստ նրա, կտուժի Ռոբերտ Քոչարյանի հանրային պաշտպանության գործը: Այդ գնահատականը ենթադրում է, որ դատավարության արագ ընթացքով ամենից շահագրգռված պետք է լինի հենց երկրորդ նախագահի թիմը: Բայց այդ թիմը շարունակում է իր գլխավոր գործը համարել խափանման միջոցի փոփոխությունը, այն բազմաթիվ տարբերակներով վիճարկելը: Դա իհարկե թիմի իրավունքն է, պաշտպանյալի իրավունքն է, որոշելիքը:
Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ դեպքում ընդամենը ստացվում է, որ դատավարության ձգձգման առնվազն էապես նպաստում է հենց երկրորդ նախագահը, որի պաշտպանության հանձնախմբի համակարգողը դժգոհում է հենց ձգձումից և այն համարում վտանգ: Այն, որ Ռոբերտ ՔՈչարյանն ու նրա թիմը խափանման միջոց անազատությունը կարող են համարել անարդար, դարձյալ լիովին հասկանալի է ու տրամաբանական առնվազն նրանց տեսանկյունից: Բայց, միևնույն ժամանակ գործը, իրավիճակը ունի քաղաքական այնպիսի այսպես ասած շրջանակ, որտեղ իրերի դրությունն ու անգամ արտաքին միջավայրը բերում են կամ պետք է բերեն ռացիոնալ այլ եզրահանգումների՝ պաշտպանական մարտավարության ընտրության տեսանկյունից:
Ըստ այդմ, կամ գործ ունենք խիստ իռացիոնալ պաշտպանական մարտավարության հետ, և այստեղ հետաքրքիր հարցեր են առաջանում, թե ովքեր են այդ պաշտպանության այսպես ասած գաղափարախոսները կամ ՙմուսաները՚ և կամ երկրորդ նախագահի մի ձեռքով՝ հանձնախմող դժգհելով ձգձգման ռիսկից, մյուսով ձգձգում է, որովհետև դատավարության բնականոն ընթացքն է իր համար դիտարկում որպես ամենամեծ ռիսկը: Դա այն դեպքում, երբ գոնե թվում է, որ այդ ընթացքը Ռոբերտ Քոչարյանի համար պետք է լիներ իրեն ներկայացվող մեղադրանքը հերքելու և նույնիսկ փշրելու լավագույն միջոցը, եթե այն իսկապես անհիմն է և չապացուցված: Այն, որ նա ունի մտավախություն այսպես ասած քաղաքական պատվերով դատավարության առնչությամբ, դարձյալ՝ իր տեսակետից հասկանալի է: Բայց այդ պարագայում նա պետք է անիմաստ համարի որևէ, այդ թվում իր խափանման միջոցի վերաբերյալ դատավարությունը, որովհետև եթե կարող է լինել քաղաքականությունը, ապա այն կարող է լինել ամենուրեք: Ըստ այդմ դարձյալ ռացիոնալը դառնում է իրադարձությունների ընթացքն արագացնելն ու հարցը փակելը: Կամ դարձյալ նշմարվում է այլ նպատակ:
Լուսանկարը՝ Photolure-ի