Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մեր բանակի ապագան օդուժն է. կործանիչները կարող են վճռական դեր խաղալ հաջորդ պատերազմում

«Վերջիվերջո, ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ ապագայի վերաբերյալ։ Կարող է՝ երկու տարի հետո Ադրբեջանը «Սիրիա» դառնա, ու ինչ-որ խմբավորումներ սկսեն իրար դեմ կռվել։ Այդ դեպքում մեր կործանիչները վճռական դերակատարում կարող են ունենալ»:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը (ՀՀ ԶՈՒ) 2019 թվականը փակում են սպառազինության և ռազմական տեխնիկայի լուրջ համալրումներով։ 2019 թվականի ամփոփմանն ու Պաշտպանության նախարարության գալիք տարվա հավակնոտ ծրագրերին նվիրված հատուկ ուղերձով է հանդես եկել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ անցնող տարին նշանավորվել է նորագույն սպառազինությունների և զինտեխնիկայի ձեռքբերմամբ, ու նաև ավելացրել, որ «մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»։

Եթե խոսենք ավելի կոնկրետ՝ վերջին օրերին ՀՀ ԶՈՒ-ն համալրվել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն միջոցներով։ Ավելի ճիշտ՝ համալրումներն ամենայն հավանականությամբ տեղի էին ունեցել քիչ ավելի շուտ, բայց դրանց՝ Հայաստան բերվելու մասին հայտարարվեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նախ՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հայկական զինված ուժերը համալրվել են «Տոր-Մ2ԿՄ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրներով (ԶՀՀ)։ Հետո՝ դեկտեմբերի 27-ին, հայտնի դարձավ,  որ երկար սպասված մարտական ինքնաթիռների՝ Սու-30ՍՄ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Ուրբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ միասին, գնացել էր Գյումրի՝ հետևելու գերժամանակակից կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Նույն օրը վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը հաղորդեց, որ վարչապետին, Պաշտպանության նախարարին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ՊՆ N զորամասում ներկայացվել են ՀՀ ԶՈՒ-ն համալրած «Օսա-ԱԿ» տեսակի զենիթահրթիռային համալիրները։ Ինչպես «Տոր» համակարգերը, այնպես էլ «Օսա-ԱԿ»-ն նախատեսված են ՀՕՊ-ի համար։ Նշված երեք զինատեսակներն էլ ռուսական արտադրության են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սու-30ՍՄ կործանիչները այս տարվա մեր գլխավոր ձեռքբերումն են։

Բայց ի՞նչ ընդհանուր կապ կա կործանիչ ավիացիայի և ՀՕՊ-ի նշված միջոցների միջև։ Ինչո՞ւ է պաշտպանական քաղաքականության մեջ փոփոփոխություններ իրականացնող ՊՆ-ն շեշտը դնում հատկապես ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի զարգացման, ուժեղացման վրա։ Մարտավարական և ռազմավարական ի՞նչ նկատառումներով են ձեռք բերվում նման զինատեսակները։ Հաջորդիվ ՀՀ ԶՈՒ-ի ո՞ր զորատեսակի ուժեղացման վրա շեշտը պիտի դրվի։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դերակատարում կունենան նշված զինատեսակներն ու զորատեսակները, այսպես ասած, ապագա պատերազմի ընթացքում, որը ռազմական փորձագետներից շատերը գործնականում անխուսափելի են համարում։

https://i.ytimg.com/vi/mHDuhJsNe3w/hq720.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, ինչո՞ւ է ՊՆ-ն շեշտը դնում հատկապես ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժեղացման վրա։ Ռազմավարական ի՞նչ հաշվարկների մեջ են տեղավորվում այս քայլերը։

– Տեսեք, ՀՕՊ միջոցները, պայմանական ասած և որոշակիորեն պարզեցված լեզով, լինում են երեք մակարդակի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ։ 1-ին մակարդակի մեջ են մտնում ամենափոքր հեռահարության դյուրակիր ԶՀՀ-ները, օրինակ, որ պարզ լինի՝ «Ստինգեր», «Իգլա», «Ստրելա», «Վերբա»։ Այսինքն՝ այն միջոցները, որոնք զինվորները կրակում են ուսին դրած՝ նռնականետի պես։ 2-րդ մակարդակն այն միջոցներն են, որոնք, ինչպես նշվեց վերևում, մենք ձեռք ենք բերել, օրինակ՝ «Օսան» ու «Տորը»։ Իսկ 3-րդ մակարդակը Ս-300 զենիթահրթիռային համալիրների մակարդակն է։ Մինչ այս նոր ձեռքբերումները մեր բանակն 1-ինն ուներ, 3-րդն ուներ, բայց զիջում էր 2-րդի պահով։ Իսկ մեր բանակին հիմա հենց միջինն է պետք, և դա է մեզ թելադրում այն պատերազմը, որին մենք նախապատրաստվում ենք և որը հիմա պասիվ վիճակով մղում ենք՝ պայքար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ և այլն։ Այլ խոսքերով՝ 1-ին մակարդակը հաճախ թույլ է, չես կարողանում իրենով կռվել, իսկ 3-րդ մակարդակն էլ այնքան ուժեղ ու փակ է, որ չես կարող կամ նպատակահարմար չէ ԱԹՍ-ներ խոցել Ս-300 համակարգերով։ Այսպիսով, մեզ պակասում էին 2-րդ մակարդակի պաշտպանության միջոցները, ինչպիսիք են, օրինակ, «Տորն» ու «Օսան», և այս առումով դրանք շատ հաջող կերպով լրացրեցին այդ բացը։ Ընդ որում, այս միջին մակարդակն ունի և՛ 1-ինի, և՛ 3-րդի առավելությունները։ Ճիշտ է, 2-րդ մակարդակի միջոցներն, առանձին վերցրած, թույլ են 3-րդից և ուժեղ է 1-ինից, բայց շատ հետաքրքիր միջին մի դրության մեջ են գտնվում։ Սա շատ կոմպրոմիսային ու հարմար տարբերակ է։ Օրինակ, 3-րդ մակարդակի միջոցները՝ Ս-300-ի պես համակարգերը, խնդիր ունեն մոբիլության հետ, այսինքն՝ եթե դրանք մի տեղ կանգնած են, հակառակորդը գիտի դրանց կոորդինատները՝ կարող է հրետանային կամ օդային հարվածներ քեզ հասցնել։ Իսկ, ասենք, 2-րդ մակարդակը՝ «Տորը», կարող է միանալ, կրակել, հետո արագորեն հավաքվել ու գնալ ուրիշ տեղ։ Ճիշտ է, հեռահարության մեջ այն Ս-300-ին զիջում է, բայց ամեն դեպքում մոբիլ է։ Մյուս կողմից էլ, հայաստանյան Ս-300-ները, միևնույն է, իրենց մաքսիմալ հզորության վրա չեն աշխատում։ Միևնույն է, նրանք գործնականում աշխատում են այն տարածության վրա, որը մոտ է «Տորի» մաքսիմալին։ Այդ առումով՝ «Տորն» ավելի նոր բան է 2-րդ մակարդակում, իսկ «Օսան» էլ սովետական է, բայց մեր ստացած «Օսաները» ֆիզիկապես թարմ են, նորացված են, և դրանք հաջողությամբ լրացնում են մեր արդեն իսկ ունեցած «Օսաներին»։ Բարոյապես այն դեռևս թարմ զենք է։ Օրինակ՝ ԱԹՍ-ները որ մենք խփում էինք՝ հենց «Օսաներով» էինք խփում։ Այն էժան է, մատչելի է, ավելի հեշտ է։ Ընդհանուր առմամբ՝ լավ զենք է։

– Եթե ընդհանուր համակարգի մեջ նայենք նշված զորատեսակներին՝ կապ կա՞ կործանիչ ավիացիա և ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու միջև։

– Միանշանակ։ Կապն այնքանով է, որ երկուսն էլ օդային գերակայության միջոցներ են։ Պարզապես մեկը մի քիչ այլ կոնտեքստում է գործում, մյուսը՝ այլ։ Բնականաբար, դրանում օդային գերակայության տարրն է շեշտադրվում մեր բանակում, որը հաջորդ պատերազմի համար անչափ կարևոր է։ Սու-30-նների գալը մեր զինվորների համար արյուն է արժենալու, մեր զինվորի արյունն է խնայվում։ Օրինակ, պարզ բան ասեմ․ Սու-30 կործանիչներն արդեն լրջորեն ստիպում են անհանգստանալ հակառակորդի ՄիԳ-29 ինքնաթիռներին։ Էլ չենք խոսում ուղղաթիռների մասին։ Պատկերացրեք՝ սրան գումարվում են «Օսաներն» ու «Տոր» համակարգերը, որոնք հակառակորդի գրոհիչ ինքնաթիռների՝ Սու-25-ների, ուղղաթիռների դեմ պայքարի շատ լավ միջոց են։ Պատկերացրեք՝ հիմա հակառակորդը թե՛ «Օսաներից» ու «Տորերից» պիտի զգուշանա, թե՛ օդում զգուշանա Սու-30 կործանիչներից։ Ընդ որում, ի՞նչն է այստեղ խնդիրը։ Իրենք հաճախ մանևրում են բարձրությունների վրա, այսինքն՝ եթե մեր Սու-30-ը մեծ բարձրությունների վրա է իշխում, ապա գրոհիչներն ու ուղղաթիռները հաճախ կտրուկ իջնում են ներքև, որպեսզի վերևից չերևան, թաքնվեն կործանիչից։ Բայց երբ գետնի վրա մեր «Օսաներն» ու «Տոր» համակարգերն են գործում, հակառակորդի գրոհիչներն ու ուղղաթիռները, ներքև իջնելով, խոցելի է դառնում արդեն ՀՕՊ միջոցների համար։

– Ձեր խոսքում մի քանի անգամ շեշտեցի «հաջորդ պատերազմի» մասին։ Ի՞նչ պատերազմի կամ ի՞նչ տեսակի պատերազմի մասին է խոսքը։

– Նախ, մեր պատերազմն ավարտված չէ, մենք հիմա էլ պատերազմում ենք։ Պարզապես ռազմական գործոններն այս պահին պասիվ են։ Հաջորդ պատերազմը կարող է լինել ինչպես առանձին դիվերսիոն սրացումների տեսքով՝ ինչպես, օրինակ, 2014 թ․ ամռանը տեսանք, այնպես էլ ավելի մեծածավալ ռազմական բախումների տեսքով՝ ինչպես 2016 թ․ Ապրիլյան պատերազմն էր։ Եվ չի բացառվում իր մասշտաբներով ընդհուպ մինչև 1991-94 թթ․ պատերազմին հավասար, իսկ կիրառվող միջոցների, զինտեխնիկայի առումով առավել ինտենսիվ մի նոր ռազմագործողություն։ Տեսեք, Ապրիլյան պատերազմը կարճ տևեց, բայց իր ինտենսիվությամբ այն ավելի մեծ էր, քան 1991-94 թթ․պատերազմի հիմնական տարրը։ Օրինակ, զրահատեխնիկա Քառօրյա պատերազմի ընթացքում շատ չկիրառվեց, բայց ինտենսիվությամբ Քառօրյա պատերազմի ընթացքում ավելի շատ հրետանի օգտագործվեց քան 1991-94 թթ․պատերազմի ցանկացած փուլում։ Պակասեց միայն օդուժը և զրահատեխնիկան՝ որոշ էպիզոդներում։

Մեզ ամեն ինչ էլ սպասվում է։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք չպետք է բացառենք նաև այն սև օրը, երբ Ադրբեջանից բացի՝ մեզ Թուրքիան էլ կսեղմի։ Իհարկե, ոչ ոք դա չի ուզում, բայց ամեն դեպքում պիտի պատրաստ լինենք նույնիսկ ամենավատ սցենարին։

– Իսկ այդ նոր պատերազմում կործանիչ ավիացիան ի՞նչ դերակատարում է ունենալու։ Դուք գիտեք, որ թերահավատներ էլ կան՝ կապված կործանիչների ձեռքբերման նպատակահարմարության հետ։

– Ընդհանուր առմամբ, կործանիչ ավիացիան ապահովում է մեզ համար օդային գերակայությունը։ Եթե օդային գերակայությունը քո ձեռքում է լինում, դու, կարծես, մի մարդ ես, որը քայլում է սենյակում և սկսում է գետնի վրա ճզմել խավարասերներին։ Եթե օդը քոնն է՝ ընդհուպ մինչև ռազմավարական առավելությունը քոնն է։ Էլ չեմ խոսում օպերատիվ ու մարտավարական նախաձեռնության մասին։ Պայմանական ասած՝ եթե օդը քոնն է, ապա դու ստիպում ես, որ հակառակորդը սահմանափակ մանևրի, կարողանում ես հարվածել իր կառավարման կետերին, ճնշել իր պաշտպանական հանգույցները, քո մանյովրներն ավելի ազատ ես անում, քո տանկերի, հետևակի շարասյուններն ավելի հաճախ են տեղաշարժվում՝ չվախենալով, որ ուղղաթիռը կամ գրոհիչը կկախվի իրենց գլխին ու կոչնչացնի վերևից։ Սա կոչվում է օդային գերակայություն։ Օդային գերակայություն ունեցող կողմը միշտ ունի առավելություն։ Այս դեպքում Սու-30-ների գալով՝ օդային գերակայությունը մենք վերցրեցինք մեր ձեռքը։ Ես արդեն վստահ եմ դրանում։

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ ինչի մասին է խոսքը, 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում մենք ռիսկ չարեցինք ինքնաթիռներ և ուղղաթիռներ հանել օդ, որովհետև հակառակորդն ուներ ՄիԳ-29 ինքնաթիռներ։ Այս դեպքում հակառակն է․ արդեն մենք մեր Սու-30-ները օդ կհանենք, իր ՄիԳ-երը կվախենան երևալ։ Իսկ եթե իր ՄիԳ-երը վախենան երևալ՝ մեր գրոհիչներն ու ուղղաթիռները կսկսեն գործել ավելի էֆեկտիվ։

Այսպիսով մեր նոր ձեռքբերումն, ի դեմս Սու-30-նների, իր իսկ հզորությունից զատ նաև թույլ է տալիս գործելու մեր օդային այլ միջոցներին, իսկ արդյունքում էլ, փաստորեն, մենք, ձեռք բերելով Սու-30-ններ, ձեռք ենք բերում ավելի մեծ հզորություն, քան զուտ այդ ինքնաթիռների տեխնիկական հնարավորություններն են, մենք ձեռք ենք բերում Սու-30-ններ՝ գումարած գրոհիչներ, գումարած հարվածային ուղղաթիռներ և այլն։

– Քննադատներն ասում են, թե կործանիչները պիտանի չեն լեռնային պայմաններում։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օդուժը որևէ դեր խաղացե՞լ է։

– Այո, մեր պայմանները լեռնային են, բայց եկեք չմոռանանք, որ մարտական գործողությունների թատերաբեմն իր մեջ նաև դաշտավայրային զգալի տարր ունի։ Խոսքը վերաբերում է Կուրի աջափնյակին։ Գանձակը դաշտավայր է։ Այսինքն՝ լեռնային պայմանների մասին խոսելով՝ մենք, կարծես, ինքներս մեզ դատապարտում ենք պաշտպանողական ռազմավարությանը, բայց հայաստանյան ժամանակակից տեսաբանները, այդ թվում նաև ես, կարծում ենք, որ առաջիկա պատերազմում, եթե մենք չսկսենք այն, այլ մեր դեմ սկսեն, ապա մենք պետք է նախահարձակ վարքագիծ ունենանք։ Այսինքն՝ երբ մենք հասկացանք, որ պատերազմը սկսվում է կամ սկսվել է արդեն, մենք չպիտի խրամատներում սպասենք թշնամու առաջին հարվածին, մե՛նք պետք է հարվածենք։ Իսկ մեր հարվածի ուղղությունը դաշտավայրային է։ Սա՝ մեկ։

Երկրորդ, կործանիչների մասին որ խոսում ենք՝ պատահական չէ, որ դրանք բազմաֆունկցիոնալ են, և այնպես չէ, որ այդ կործանիչով մեկ տանկ ես խփելու կամ 5 զինվոր։ Այդ կործանիչով դու հարված ես հասցնելու գլոբալ առումով՝ իր խորքային թիրախներին։ Նորից եմ ասում՝ կառավարման կետերին, նավթային հանգույցներին, այնպիսի օբյեկտների, որոնք հաստատ լեռների մեջ չեն, այլ ինչ-որ տեղ՝ դաշտավայրում են։ Եվ, ի վերջո, եթե կործանիչները օդային գերակայություն ապահովեցին՝ ուղղաթիռն ու ինքնաթիռը, ինչպես նաև Աֆղանստանի փորձը ցույց տվեց, լեռնային պայմաններում շատ լավ էլ աշխատում են։

Ինչ վերաբերում է արցախյան առաջին պատերազմին, ապա օդուժն այն ժամանակ բավականին դեր ունեցել է, բայց ոչ մեր կողմից։ Հակառակորդի ձեռքում է եղել օդուժը, մենք ՀՕՊ միջոցներով ենք իրենց դեմ կռվել և բավական արդյունավետ։ Բայց օդային մենամարտ չի եղել, քանի որ օդային գերակայությունը եղել է հակառակորդի կողմը։ Բայց պիտի ընդգծենք, որ այն ժամանակ Ադրբեջանն էլ չուներ այն կազմակերպվածությունն ու հագեցվածությունը, ինչ ունի հիմա։

– Իսկ դիրքային պայքարի պայմաններում նույն կործանիչները զսպո՞ղ, թե՞ հարձակողական նշանակություն ունեն։

– Իրենք և՛ զսպող են, և՛ հարձակողական։ Այստեղ խնդիրը վերաբերում է քաղաքական կամքին․ եթե քաղաքական կամք ունեցար պատժել, ցավեցնել հակառակորդին՝ կործանիչները քեզ այդ հնարավորությունը կտան։ Ուղղակի խնդիրն այն է, որ դրսևորես այդ կամքը։ Մեր բանակի ապագան օդուժն է։ Երբ նայում ենք Իսրայելի օրինակին՝ ի՞նչ է անում. F-35 ու F-16-ներ ունի, ողջ Մերձավոր Արևելքը բռունցքի մեջ է պահում։ Այս պահին Իսրայելն իր ռազմաքաղաքական շահերն է առաջ մղում Սիրիայի տարածքում, Դամասկոսի շրջակայքին հարվածներ է հասցնում։ Պատկերացրեք՝ կործանիչները չլինեին, ինչո՞վ էր նա այդ խնդիրները լուծելու։ Այլ խոսքերով՝ մեր բանակաշինության մեջ մենք ոչ միայն այսօրվա խնդիրը պիտի լուծենք, այլև վաղվա ու մյուս օրվա։ Իսկ այդ մյուս օրը կործանիչներինն է։

– Այսինքն՝ Իսրայելը, լինելով թշնամական շրջափակման մեջ, ռազմական լուրջ գերիշխանություն ունի ռեգիոնում, այդպե՞ս է։

– Այո՛, գերիշխանություն ունի, և դա իր օդուժի շնորհիվ է։ Իր հետ ուղղակի ռիսկ չեն անում՝ կռվեն։ Այն դեպքում, երբ նույն Իսրայելը 1960-ականներին համարվում էր մի հեշտ զոհ, որին ուր որ է վրա կտան ու կճզմեն։ 60-ականներին, 70-ականներին այդպես էր ընկալվում, 80-ականներին նոր հասկացան, որ Իսրայելն այնքան ուժեղ է, որ ոչ միայն չեն կարող ճզմել նրան, այլև ինքն է թելադրում խաղի կանոնները։ Հիմա մենք ինչո՞ւ ենք այդքան ուրախացել կործանիչների գալով․ որովհետև այս ուղղությունը ճիշտ է։ Այս 2 կամ 4 մեքենաներն էլ որ եկել են՝ լավ է, բայց եթե դրանք ավելի շատ լինեն, ու մեր օդուժն ավելի հզորանա՝ մենք կարող ենք խաղի կանոններ թելադրել ադրբեջանական կողմին։ Վերջիվերջո, ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ ապագայի վերաբերյալ։ Կարող է՝ երկու տարի հետո Ադրբեջանը «Սիրիա» դառնա, ու ինչ-որ խմբավորումներ սկսեն իրար դեմ կռվել։ Այդ դեպքում մեր կործանիչները վճռական դերակատարում կարող են ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում