Լոնդոնյան Tesco սուպերմարկետում 6-ամյա մի աղջիկ գնել է սուրբծննդյան բացիկ, որում եղել է ձեռագիր տեքստ՝ Շանհայի բանտարկյալների կողմից օգնության խնդրանքով:
Ըստ Sunday Times-ի՝ բացիկի հակառակ կողմում հաղորդագրության հեղինակները հայտնել են, որ իրենք Շանհայի Ցինպու բանտի արտասահմանցի բանտարկյալներ են և ստիպված են աշխատել իրենց կամքին հակառակ:
«Խնդրում ենք օգնել մեզ` այդ մասին տեղեկացնելով իրավապաշտպան կազմակերպությանը », – ասվել է կոչում:
Տեքստի հեղինակները նաև խնդրել են գտնել ոմն Փիթեր Հեմֆրիի, որը, ինչպես աղջկա հայրը հետագայում պարզել է համացանցի միջոցով, բրիտանացի նախկին լրագրող է, ով շուրջ երկու տարի է անցկացրել այդ նույն բանտում:
Այն բանից հետո, երբ աղջկա հայրը կապվել է Հեմֆրիի հետ, վերջինս այս պատմության մասին տեղեկացրել է լրատվամիջոցներին:
Արդյունքում բրիտանական խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվող Tesco-ն դադարեցրել է բացիկների արտադրությունը Շանհայի չինական ընկերությունում և դրանք հանել է վաճառքից մինչև հետաքննության ավարտը: