Գերմանիայի բնակիչների կարծիքով, Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը հաջորդ տարի կարևոր դեր կխաղան գլոբալ խնդիրների լուծման գործում: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը՝ հղում անելով Yougov ինստիտուտի անցկացրած հարցմանը:
Հարցման մասնակիցները պետք է ընտրեին քաղաքական գործչի, որը, նրանց կարծիքով, 2020-ին առավել նշանակալի դեր կունենա միջազգային մարտահրավերների լուծման գործում:
Նշվում է, որ Անգելա Մերկելին աջակցել են հարցվածների 22%-ը, իսկ Վլադիմիր Պուտինին՝ 20%-ը: Էմանուել Մակրոնի օգտին քվեարկել է հարցվածների 19%-ը: Այնուհետև հաջորդում են Դոնալդ Թրամփը (16%) և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (12%), Սի Ցզինպինը (10%) և Բորիս Ջոնսոնը (9%): Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերին, Մերկելի իրավահաջորդին Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի պոստում, ձայն է տվել հարցվածների միայն 3%-ը:
Հարցվածների 29%-ը կարծում է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկը չի կարողանա լուծել գլոբալ խնդիրները:
Հրապարակման մեջ չի նշվում հետազոտության մասնակիցների թիվը: