Այս տարի աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքը Հոնկոնգն է՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ արդեն տևական ժամանակ շարունակվում են բողոքի ցույցերն ու անկարգությունները: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ընկերության Euromonitor International Top 100 City Destination 2019 տվյալներին:
Պարզվել է, որ 2019 թ.-ին ավելի քան 26.7 միլիոն մարդ է այցելել Հոնկոնգ, որի զբոսաշրջային արդյունաբերությունը տուժում է հակակառավարական բողոքների պատճառով: Ոստիկանության և ցուցարարների դաժան բախումները, որոնք երբեմն հանգեցրել են Հոնկոնգի օդանավակայանի փակմանը, բազմաթիվ զբոսաշրջիկների երկիր այցելելու ծրագրերի չեղարկման պատճառ են դարձել: Այնուամենայնիվ, շատ զբոսաշրջիկներ կարողացել են առանց միջադեպերի վայելել ուղևորությունը:
Երկրորդ տեղում է Թաիլանդի Բանգկոկը, ուր 2019 թվականին 19.5 միլիոն զբոսաշրջիկներ են այցելել:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լոնդոնը, ուր մեկ տարվա ընթացքում ավելի քան 19 միլիոն զբոսաշրջիկ է այցելել: Այնուհետև հաջորդում են Մակաոն, Սինգապուրը, Փարիզը, Դուբայը, Նյու Յորքը, Կուալա Լումպուրը և Ստամբուլը:
Հատկանշական է, որ լավագույն 20-ում Ռուսաստանի ոչ մի քաղաք ընդգրկված չէ: