«Չնայած հեղափոխությունից անցել է շատ քիչ ժամանակաշրջան, սակայն մեր հասարակությունը շատ ինտենսիվ, փուլային փոփոխությունների մեջ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ ամփոփելով 2019 թվականը:
Մեր զրուցակիցն այս փուլը համարում է անորոշության և փնտրտուքների շրջան. «Թե՛ հասարակության տարբեր շերտերում, թե՛ էլիտաներում մարդիկ փորձում են իրավիճակի հանդեպ ձևավորել սեփական մոտեցումներ, գնահատել ստեղծված իրավիճակը՝ հասկանալու, թե ինչ հնարավորություններ և պրոբլեմներ կան»:
Նրա խոսքով՝ աղքատության հաղթահարումը միայն տնտեսական մակարդակում չէ. «Ես ունեմ հետազոտություն այն մասին, թե ինչպես է մշակութային բաղադրիչը օգնում ընտանիքին հաջորդ սերնդում հաղթահարել աղքատությունը: Ուստի պետք է մտածել հետագայում լավ համալսարաններ ունենալու մասին»:
Անդրադառնալով քաղաքական քննադատություններին՝ Աղասի Թադևոսյանը նկատեց. «Ես կասեի, որ հիմա մենք աղմուկի մեջ ենք, այսինքն՝ մտքեր չեն արտահայտվում, արտաբերվող խոսքերի մեջ շատ քիչ կարելի է գտնել իմաստ: Այդ աղմուկը ստեղծվում է և՛ արհեստականորեն, և՛ բնականորեն: Արհեստականորեն այս աղմուկը ստեղծվում է ԶԼՄ-ների կողմից, ովքեր գտնվում են իշխանությունը կորցրած ուժերի ձեռքում: Նրանք մտածված աղմուկ են անում, որպեսզի այդ աղմուկի պայմաններում կորի միտքը: Այդ աղմուկը իրականորեն չի նկարագրում իրականությունը, ուստի դրան հետևող գործողությունները կարող են լինել շատ վտանգավոր»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: