«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը կհաջողվի ավարտին հասցնել «Ակադեմիկ Չերսկի» նավի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Գազատարի գործարկումը հետաձգվել է մեկ տարով. այն նախատեսված 2019-ի փոխարեն շահագործման կհանձնվի 2020-ի վերջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության պետի խոսքերով՝ նշված նավն օգտագործելու համար անհրաժեշտ կլինի այն լրացուցիչ նախապատրաստել Բալթյան ծովում աշխատանքների համար: Սակայն, հավելել է Նովակը, սա միայն տարբերակներից մեկն է:
Խողովակաշարի շինարարությունը դադարեցվել է «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Դրանք տարածվում են բոլոր ընկերությունների վրա, որոնք նպաստում են ռուսական գազատարների կառուցմանը: Դրանց ներդրումից հետո շվեյցարական Allseas ընկերությունը, որին են պատկանում խողովակներ տեղադրող նավերը, դադարեցրել է բոլոր աշխատանքները: