Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

ՀՀ նախագահը ասաց՝ Մանվել Գրիգորյանը պետք է որոշի՝ ինքը ՊՆ տեղակա՞լ է, թե՞ քաղաքական գործիչ․ Մարտի 1-ի գործով Արմեն Գևորգյանի ցուցունքը

«Առաջին լրատվական»-ը հրապարակում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ցուցմունքը, որին 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ պետական մարմիններում աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1997 թվականից։ 1997-98թթ․ զբաղեցրել եմ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998 թվականի ապրիլից եղել եմ ՀՀ նախագահի օգնական, ապա՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2000-2006թթ․ հանդիսացել եմ ՀՀ նախագահի առաջին օգնականը։ 2006թ․ փետրվարին նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007 թ․ հունիսից մինչև 2008թ․ ապրիլը զբաղեցրել եմ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2006թ․ ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել եմ ՀՀ փոխվարչապետ՝ ազատվելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից։ Մինչև 2014 թվականի հոկտեմբերը ես պաշտոնավարել եմ այդ նույն պաշտոններում։ 2014թ․ նոյեմբերից ես աշխատել եմ որպես Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ մինչև 2015թ․ օգոստոսը, որից հետո գտնվել եմ ակադեմիական արձակուրդում, ուսանել եմ Բոստոնում՝ բիզնես դպրոցում։ 2016թ․ հունվարից եղել եմ հիմնադրամի խորհրդի նախագահի խորհրդականը։ 2016թ․ հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ 2016թ․ հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2018թ․ ապրիլին նշանակվել եմ ՀՀ փոխվարչապետ և պաշտոնավարել եմ մինչև 2018թ․ մայիսը։

2007-2008թթ, երբ զբաղեցնում էի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, միաժամանակ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իմ աշխատասենյակը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի շենքում՝ Բաղրամյան 26 հասցեում, 2-րդ հարկում, իսկ որպես անվտանգության խորհրդի քարտուղար առանձին աշխատասենյակ չունեի։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները սահմանված էին ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրությամբ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները սահմանված էին անվտանգության խորհրդի կանոնադրությամբ։ Որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար՝ իրականացրել եմ աշխատակազմի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ առնչության պարբերականության մասին կարող եմ ասել, որ Երևանում՝ Բաղրամյան 26 հասցեում նրա եղած ժամանակ առնչվել եմ գրեթե ամեն օր՝ աշխատանքային հարցերով, որոնք վերաբերել են իմ պարտականություններին։ Մասնավորապես, օրվա ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմում ստացված փոստը տվյալ օրը երեկոյան՝ օրվա վերջում զեկուցում էի ՀՀ նախագահին։ Դա ամենօրյա շփում էր։ Բացի դրանից՝ մասնակցել եմ ՀՀ նախագահի հանդիպումներին միջազգային պատվիրակությունների հետ։ Բացի դրանից՝ ներկա եմ գտնվել ՀՀ նախագահի մոտ ՀՀ պետական կառույցների ղեկավարների հետ կազմակերպվող աշխատանքային մի շարք խորհրդակցություններին։ ՀՀ նախագահի մոտ կազմակերպվող խորհրդակցությունների մասնակիցների կազմը որոշում էր ինքը՝ ՀՀ նախագահը՝ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների առաջարկությամբ, խորհրդակցելով իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։ Իմ դերը՝ որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, այդ խորհրդակցությունների կազմակերպումն էր, այսինքն՝ որ մասնակիցները պատրաստ լինեն զեկույցների, նախապես ներկայացված լինեն անհրաժեշտ նյութերը, տեղեկանքները և այլն։

Ինձ տեղեկացրել եք, որ հարցաքննության եմ կանչված 2008թ․ մարտի 1-ի հետ կապված քրեական գործով ինձ հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար։ Այդ դեպքերի, դրանց նախորդած և հաջորդած, երկրում տիրող իրադրության վերաբերյալ իմ տեղեկությունները ընդհանուր բնույթի են և նաև հանրահայտ են՝ մասնավորապես, որ փետրվարին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները, հետընտրական գործընթացը, որոշակի դժգոհ զանգվածների ցույցերը, հավաքները, ապա և՝ Մարտի 1-ի իրադարձությունները։ Խնդրում եմ ինձ առաջադրել կոնկրետ հարցադրումներ, որոնց կպատասխանեմ իմ ունեցած տեղեկատվության համապատասխան։

Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս իրավապահ մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրահրված խորհրդակցության հանգամանքների մասին։

Պատասխան- Կարող եմ ասել, որ այդ խորհրդակցությունը կազմակերպելու հանձնարարականը ստացել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից այն նույն օրը՝ փետրվարի 23-ին, երբ նա վերադարձավ Երևան՝ Մոսկվայից։ Ճշտեմ, որ մենք միասին էինք այնտեղ, միասին էլ վերադարձանք Երևան, ՀՀ նախագահը հենց օդանավակայանում ինձ հանձնարարեց փետրվարի 23-ին կազմակերպել իր մոտ երեք խորհրդակցություններ․առաջինը՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ, երկրորդը՝ ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ և երրորդը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ։ Խորհրդակցությունների հրավիրման պատճառների մասին ինձ այդ պահի դրությամբ շատ բան հայտնի չէր, քանի որ ՀՀ նախագահը այդ հանձնարարականը ինձ տվեց հենց օդանավակայանում, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի զեկույցները լսելուց հետո, իսկ նրանք զեկուցել են առանց իմ ներկայության, ես առանձին էի կանգնած, որոշակի հեռավորության վրա։ Զեկույցները լսելուց հետո էլ նա ինձ տվեց խորհրդակցություններ կազմակերպելու հանձնարարական։ Խորհրդակցությունները կազմակերպվեցին փետրվարի 23-ին՝ աշխատանքային օրվա ընթացքում։ Ես այժմ դժվարանում եմ հիշել դրանց անցկացման ժամերը և հերթականությունը։ Պետք է նշեմ, որ երեք խորհրդակցություններին էլ ես մասնակցել եմ։ ՀՀ ՊՆ ղեկավար կազմի մասնակիցների շրջանակը ես հիմա անհատապես չեմ հիշում, ամեն դեպքում եղել են պաշտպանության նախարարը, նրա տեղակալները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, աշխատակազմի և լրատվական ծառայության ներկայացուցիչներ։ Այդ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Սերժ Սարգսյանը։ Իմ հիշելով՝ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին, ասել է, որ Զինված ուժերը որևէ կերպ չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն, և վերջապես պետք է առավել ուշադիր լինել ՀՀ սահմաններում՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ։ Իմ հիշելով՝ ՀՀ նախագահը նշեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ ինքը պաշտպանության նախարարի տեղակա՞լ է, թե՞ քաղաքական գործիչ։ Ես ենթադրում եմ, որ ՀՀ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությամբ։ Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա է եղել խորհրդակցությանը, թե ոչ՝ ես չեմ հիշում։

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմի հետ անցկացված մյուս երկու խորհրդակցություններին, ապա դրանց իմաստը նույնպես եղել է այն, որ այդ կառույցները պետք է կատարեն իրենց պարտականությունները և չներգրավվեն քաղաքական գործընթացների մեջ։ Այլ մանրամասներ հիմա չեմ հիշում։ Բոլոր երեք խորհրդակցությունների մասին ժամանակին հրապարակվել է մամուլի հաղորդագրություն։

Հարց- Եղե՞լ են արդյոք ՀՀ Զինված ուժերը 2008թ․ հետընտրական գործընթացներում օգտագործելու իրավիճակները, հիմքերն ու առիթները։ 2008թ․ մարտի 1-ին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ո՞ր դեպքերում, պաշտոնատար ո՞ր անձինք էին իրավասու տալ ՀՀ Զինված ուժերն օգտագործելու հրաման, հրահանգ։

Պատասխան- Ես նմանատիպ տվյալներ, տեղեկություններ չունեմ, այդ հարցերը չեն մտել իմ ծառայողական պարտականությունների մեջ։

Հարց- Դեռևս 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ անցկացված հանդիպման ժամանակ, երբ ոչ մի տեղեկություն չի եղել հավաքների՝ ոչ խաղաղ լինելու մասին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բանավոր հրահանգ է տրվել՝ նշելով, որ «ժամը 00-ից հայտարարում եք արտակարգ դրություն»։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ նախագահի առաջադրած խնդիրները կատարելու համար արձակվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որով, ըստ էության, գործի է դրվել ռազմական դրությանը համարժեք բանակի օգտագործման մեխանիզմը։ Դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալման, ՀՀ ներքին անվտանգության դեմ ոտնձգության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ են եղել, որոնք հիմք են հանդիսացել՝ օգտագործելու ՀՀ Զինված ուժերը։

Պատասխան- Ես տվյալ խորհրդակցության ժամանակ և առհասարակ չեմ հիշում արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ ՀՀ նախագահի նման հայտարարությունը, ուստի այդ հարցի շուրջ ոչինչ նշել չեմ կարող։ Իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել, ուստի չեմ կարող այդ հարցին պատասխանել։

Հարց- Դուք ծանո՞թ եք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրած թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը, եթե այո, ապա հայտնեք, թե ի՞նչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ի՞նչ խնդիրներ էին լուծվում։

Պատասխան- Ընդհանրապես տեղյակ չեմ եղել, որ նման գաղտնի հրաման կա, բովանդակությունից տեղյակ չեմ, Ձեր հիշատակած հրամանի առկայության մասին տեղեկացել եմ վերջերս՝ մամուլում տարածված հաղորդագրություններից։ Նման պայմաններում չեմ կարող անդրադառնալ ո՛չ հրամանի նպատակին, ո՛չ էլ դրանով լուծվող խնդիրներին։

Հարց- «Երևան Թուդեյ» լրատվական կայքին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հստակ ընդգծվել է, որ մտավախությունը եղել է Երկրապահ կամավորական միության հնարավոր քաղաքական ներգրավվածությունը։ Տրամաբանական է, որ ցանկացած վտանգի մտավախության դեպքում անհարժեշտ էր չեզոքացնել այդ վտանգի աղբյուրը։ Փաստացի ձեռնարկված գործողություններն ուղղված են եղել այդ վտանգի, մասնավորապես Երկրապահ կամավորական միության նախագահ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի հեռացմանը․ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ վերջինս գնացել է տուն և սպասել իր ճակատագրի վերջնական որոշմանը։ Ըստ նույն լրատվական կայքում տեղադրված հարցազրույցում առկա հայտարարության և գործով ձեռք բերված տվյալների՝ նույն օրը՝ երեկոյին մոտ, ԵԿՄ շենքը դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն, ինչից հետևում է, որ սպասվելիք վտանգն արդեն իսկ չեզոքացվել էր և դադարել ամենից անհանգստացնող իրավիճակի գոյությունը՝ «երկրապահի» բողոքողների կողմ ներքաշումը։ Այդուհանդերձ, ինչո՞ւ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել արտակարգ դրություն հայտարարելուց հետո այդ ռեժիմի ապահովումը վերապահել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Պատասխան- Ես չեմ կարող մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի տվյալ հարցազրույցը։ Նման հարցեր ինձ հետ չեն քննարկվել, ես այդ կապակցությամբ կարծիք չեմ հայտնել։ Դա չի մտել իմ ծառայողական պարտականությունների մեջ։

Հարց- ՀՀ Զինված ուժերի հետ նշված հանդիպումից հետո՝ նույն օրը՝ 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է նշված հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որը վերնագրվել է՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», ապա տրվել հետևյալ նշանաբանը․ «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո, որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը։ ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով՝ հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը և թույլ չտալու մի խումբ մարդկանց՝ վտանգելու երկրի բնականոն զարգացումը։ Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝ ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմը ս․թ․ փետրվարի 23-ին, ժամը 18․00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը»։ Հրամանի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը չի թաքցրել իրականությունը և իր հրամանում ուղղակի նշել է, որ այն արձակել է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման նպատակով։ Թեև նշում եք, որ հրամանից անտեղյակ եք եղել, այնուհանդերձ, որպես տվյալ ժամանակահատվածում նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ի՞նչ կարող եք ասել այն կապակցությամբ, որ հրամանի նախաբանի բնորոշմամբ, ՀՀ Զինված ուժերը Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ուղղակիորեն օգտագործվել են՝ քաղաքական նկատառումներից ելնելով, այն դեպքում, երբ դեռ ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմահազար քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ։

Պատասխան- Ես նորից եմ պնդում, որ այդ հրամանից, որը, ինչպես նշեցիք, եղել է հույժ գաղտնի, ես տեղյակ չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող պատասխանել դրա հետ կապված որևէ հարցի։ Իմ հետ, որպես անվտանգության խորհրդի քարտուղարի, այդ հարցերը չեն քննարկվել։ Անվտանգության խորհուրդը այն ժամանակ եղել է խորհրդակցական մարմին, ՀՀ նախագահին առընթեր, որը հավաքվում էր ըստ անհրաժեշտության, և անվտանգության խորհրդի քարտուղարի հիմնական գործառույթները այդ մարմնի նիստերի նախապատրաստումն ու անցկացումն էր, ինչպես նաև միջազգային կառույցներում այն ներկայացնելն էր։ Ձեր նշած ժամանակահատվածում այդ խորհրդի նիստ չի հրավիրվել, և նման հարցեր չեն քննարկվել։ Որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նույնպես այդ հարցն ինձ հետ չի քննարկվել։

Հարց- Խնդրում եմ վերհիշել և մանրամասն հայտնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի վերաբերյալ, մասնավորապես, հրամանագրին նախորդած իրադարձությունների մասին, որոնք հիմք են հանդիսացել նշված հրամանագրի հրապարակման համար, որո՞նք են եղել այն հիմքերը՝ տեղեկությունները, տվյալները, զեկույցները, որոնց գնահատմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ին որոշում է կայացվել արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Ովքե՞ր են այդ տեղեկությունները տրամադրել, ի՞նչ են զեկուցել իրավիճակի մասին։

Պատասխան- Նախ ցանկանում եմ նշել, որ ՀՀ նախագահին զեկուցվող տեղեկատվությունից ես տեղյակ չեմ եղել, քանի որ զեկույցները կատարվել են անմիջապես և առանց իմ ներկայության, դրա համար էլ չգիտեմ, թե ով ինչ տեղեկատվություն է հայտնել։ Իսկ հրամանագրի հետ կապված կարող եմ ասել հետևյալը, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ ցերեկը, ստույգ ժամը չեմ հիշում, բայց օրվա երկրորդ կեսն էր, ընդմիջումից հետո, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասաց, որ կարող է անհրաժեշտություն լինել Սահմանադրությամբ սահմանված կարգով արտակարգ դրություն հայտարարել և հանձնարարեց նախապատրաստել համապատասխան հրամանագրի նախագիծ՝ արդարադատության նախարարության հետ համատեղ։ ՀՀ նախագահի աշխատակազմի թիմը, այսինքն՝ ՀՀ նախագահի օգնականը իրավական գծով՝ Գևորգ Մհերյանը, իրավաբանական վարչության և արդարադատության նախարարության հետ համատեղ նախապատրաստել են հրամանագրի նախագիծ։ Դրան զուգահեռ, նախագահականի այլ ստորաբաժանումները, մասնավորապես մամուլի քարտուղարը, ռեֆերենտը և մյուսները, նախապատրաստել են ՀՀ նախագահի ուղերձի տեքստի նախագիծը, քանի որ, ըստ Սահմանադրության, նման հրամանագրի ընդունման դեպքում ՀՀ նախագահը պարտավոր էր ուղերձով դիմել ժողովրդին։ Մոտ երկու-երեք ժամ անց, հավանաբար ժամը 16․00-ի, 16․30-ի սահմաններում ինձ ներկայացվեցին հրամանագրի և ուղերձի նախագծերը, որոնք ես ներկայացրել եմ ՀՀ նախագահին։ Ընդ որում՝ ես հրամանագրի և տեքստի վրա չեմ աշխատել, դրանք կարդացել եմ և ներկայացրել եմ ՀՀ նախագահին։ Կարող եմ ասել, որ ՀՀ նախագահի կողմից որևէ նկատառում չի կատարվել, և տեքստերը չեն փոխվել, միայն հիշում եմ, որ նախապատրաստողների հետ քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե նույն հրամանագրով պարետային ժամ պետք է հայտարարվի, թե ոչ, այդ հարցը բաց էր մնացել և չէր լուծվել։ Ես հուշեցի ՀՀ նախագահին, որ հարցը բաց է մնացել, սակայն ՀՀ նախագահն ինձ ասաց, որ նշված հրամանագրի նախագծի օրինակները այդ տեսքով էլ ուղարկեմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ վարչապետին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նա նման որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեր ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Ես տեքստն ուղարկեցի նրանց։ Եթե չեմ սխալվում, դրանք ուղարկել եմ առձեռն, ծրարներով, համապատասխան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցով, որոնց չեմ հիշում։ Որոշ ժամանակ անց ՀՀ նախագահն ասաց, որ խորհրդակցել է նշված պաշտոնատար անձանց հետ և կարծում է, որ հրամանագիրը պետք է պատրաստել ստորագրման։ Դրանից հետո ես հանձնարարել եմ, որ հրամանագիրը դրվի համապատասխան բլանկի վրա և վերջնական տեսքով ներկայացրել եմ ՀՀ նախագահին։ Որքան հիշում եմ՝ դա եղել է նույն օրը, ժամը 18․00-ից 18․30-ի սահմաններում։ Որոշ ժամանակ անց (հիմա ժամը չեմ հիշում) Ռոբերտ Քոչարյանը ստորագրված վիճակում այն վերադարձրեց ինձ, և այդ ժամանակ էլ հրապարակվեց նրա ուղերձը։ Ուրիշ ոչինչ այս հարցի շուրջ չեմ կարող նշել։

Հարց- Ո՞ւմ կարող եք նշել տվյալ հրամանագրի տեքստը կազմողներից, դրա վրա աշխատողներից։

Պատասխան- Անվանական կարող եմ նշել միայն Գևորգ Մհերյանին։ Նա ՀՀ նախագահի օգնական էր իրավական հարցերով։ Իսկ իրավաբանական վարչությունից և արդարադատության նախարարությունից անվանական որևէ մեկին նշել չեմ կարող։ Արդեն նշեցի, որ տեքստի մշակմանը անձամբ ես չեմ մասնակցել։ Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀՀ ԱԺ համապատասխան նիստի ժամանակ հրամանագիրը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը՝ որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ։

Հարց- Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները թույլ են տալիս եզրակացնելու, որ ՀՀ Զինված ուժերի ներգրավմանը իշխանությունները պատրաստվել են դեռևս այն օրերին, մասնավորապես՝ 2008․ փետրվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, երբ որևէ տեղեկություն չի եղել ցույցերի, հանրահավաքների, երթերի ոչ խաղաղ լինելու մասին, իսկ նման տեղեկություններ ստացվել են ավելի ուշ՝ 2008թ․ փետրվարի 29-ին, ինչին հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը՝ ոստիկանական ուժերի միջոցով Ազատության հրապարակը «մոլորյալներից» մաքրելու, ապա Մարտի 1-ին՝ լույսը չբացված, Ազատության հրապարակից խաղաղ ցուցարարներին հեռացնելու և տեղազննություն կատարելու գործընթացը, որն էլ իր հերթին հանգեցրել է արդեն իսկ եղած դժգոհության թեժացման։ Այդ իրադարձություններն առավել թեժացել են նաև 2008թ․ մարտի 1-ին՝ ցերեկը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների և զինտեխնիկայի տեղակայումը, իսկ ավելի ուշ՝ հրազեն գործադրած ընդամենը 1-2 ցուցարարի առկայության անորոշ տեղեկության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» վերը նշված հրամանագիրը՝ ներգրավվելով ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները։ Հարկ է նկատել, որ 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ Զինված և այլ ուժերի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած հանդիպումից հետո իշխանության կողմից ձեռնարկվել են բազմահազար խաղաղ ցուցարարների անհնազանդությունը ճնշելուն ուղղված գործուն քայլեր, ինչի մասին Ռոբերտ Քոչարյանը և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հիշատակել են հանրային հեռարձակմամբ ունեցած ելույթներում։ Արդյոք պատճառահետևանքային շղթա չե՞ք նկատում նկարագրված իրադարձություններում, որոնց տրամաբանական զարգացումը, ըստ էության, ծրագրված է եղել նախապես։

Պատասխան- Ցույցերը և հանրահավաքները ճնշելու նախապես մշակված որևէ ծրագրի մասին ես տեղեկություններ չունեմ։ Տեղի են ունեցել քաղաքական գործընթացներ ընտրություններից հետո, ընդ որում՝ ցանկանում եմ նշել, որ միջազգային կառույցների կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդհանուր առմամբ եղել է դրական գնահատական։ Դրանց արդյունքները կասկածի տակ չեն դրվել, ուղղակի նշվել են որոշ թերություններ։ Բացի դրանից՝ նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրված թեկնածուներից երեքը ընտրություններից հետո պայմանավորվել էին ձևավորել քաղաքական կոալիցիա, որին միացել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ Ազատության հրապարակը մոլորյալներից մաքրելու, այդ օպերացիայի և հետագա իրադարձությունների հետ պատճառական կապին, ապա չեմ կարող որևէ հետևություններ և մեկնաբանություններ անել։

Հարց- Առաջարկում եմ հայտնել Ձեզ հայտնի տեղեկությունները՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերը նշված հրամանագրի նախագծի քննարկումների վայրի, ձևաչափի, նրանց դիրքորոշման վերաբերյալ։

Պատասխան- Ես արդեն վերը նշեցի, որ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ քննարկելու է այդ հրամանագիրը տվյալ պաշտոնատար անձանց հետ, ապա մոտ երկու ժամ անց ասել է, որ արդեն քննարկել է, իսկ թե ինչ դիրքորոշում են ունեցել, չի ասել։ Երբ, ինչ ձևաչափով և որտեղ է եղել քննարկումը՝ չեմ կարող ասել, տեղյակ չեմ։ Ես քննարկմանը չեմ մասնակցել։

Հարց- 2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռուստատեսային հեռարձակմամբ իր ելույթում նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, մեջբերում եմ․ «․․․ Այդ կրակոցներն արվում էին մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային նաև այլ ցուցարարներ, որոնք զենք չեն կրում։ Կրակողը մեքենայի հետևից և իր վրա կրակել՝ կնշանակեր նաև զոհեր այն մարդկանց կազմում, ովքեր առանց զենք են․․․ սա կոնկրետ դեպքն է, որ նաև շատ տհաճ տպավորություն թողեց»։ Առաջարկում եմ հայտնել՝ որտեղի՞ց է հայտնի դարձել Ռ․ Քոչարյանին նման տեղեկատվություն, այդ մասին կոնկրետ ո՞վ է նրան զեկուցել, ի՞նչ ձևաչափով՝ գրավո՞ր, թե՞ բանավոր։

Պատասխան- Ես տեղյակ չեմ, չգիտեմ, թե որտեղից Ռ․ Քոչարյանին այդ տվյալները, և ով է նրան նման բան զեկուցել։

Հարց- Մարտի 1-ին Երևան քաղաքում տիրող իրավիճակի և զարգացումների մասին տեղեկատվությունն ի՞նչ ձևաչափով և ո՞ւմ կողմից է ներկայացվել նախագահական նստավայր։

Պատասխան- Հարցին պատասխանում եմ, որ օպերատիվ իրավիճակը և համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է ոչ թե ՀՀ նախագահի նստավայր կամ ինձ՝ որպես աշխատակազմի ղեկավարի, այլ զեկուցվել է ուղիղ ՀՀ նախագահին՝ համապատասխան իրավապահ մարմինների կողմից՝ առանց իմ ներկայության։

Հարց- Ի՞նչ եք կարծում՝ արդյոք 2008 թ․ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունները նման ընթացք կստանայի՞ն, եթե 2008թ․ մարտի լույս 1-ի գիշերն օպերատիվ անորոշ տեղեկատվության հիման վրա որոշում չկայացվեր Ազատության հրապարակում խաղաղ, հանրահավաքի մասնակիցների մոտ, ինչ-որ տեղազննություն իրականացնելու պատրվակով, նրանց այդ տարածքից դուրս բերելու, Երևան քաղաքի այլ փողոցներ հեռացնելու գործողություններ չկատարվեին։ Չե՞ք կարծում, որ 2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններն արհեստածին են, երբ նույն օրը՝ լուսաբացին մոտ, խաղաղ ցուցարարներին Ազատության հրապարակից իշխանության ներկայացուցիչների կողմից բռնությամբ հեռացնելու գործողությունների արդյունքում հրահրվել, ստեղծվել է, ըստ արտակարգ իրավիճակների դասակարգման՝ հասարակական անկարգությունների իրավիճակ։

Պատասխան- Ես արդեն ասացի, որ նման գնահատականներ կամ եզրահանգումներ չեմ կարող կատարել, այդ երևույթների և գործընթացների արհեստածին լինելու մասին տվյալներ չունեմ։

Հարց- Ձեր կարծիքով՝ ՀՀ նախագահի ընտրությունից հետո առաջ եկած խնդիրները արդյոք հնարավո՞ր չէր լուծել Սահմանադրությամբ կոչված այլ մարմինների, օրինակ՝ ՀՀ ոստիկանության միջոցով։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ խնդրի լուծման համար ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի ստորաբաժանումների, այդ թվում՝ ըստ քննությամբ ձեռք բերված տեղեկությունների՝ սահմանային թեժ կետերից բերված Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների ներգրավումը։

Պատասխան- Ես չեմ կարող ասել, որ խնդիրները հնարավոր էր լուծել միայն ոստիկանության միջոցով, թե ոչ։ Այդ վերլուծությունը չի մտել իմ լիազորությունների շրջանակի մեջ։ Զինված ուժերի ներգրավվածության մասին ես տեղեկություն չունեմ, ինձ հետ որևէ քննարկում չի եղել։ Իսկ վերը նշված հրամանագրի տեքստը պատրաստելիս մասնագետներն իմ ուշադրությունն են հրավիրել միայն այն բանի վրա, որ անդրադարձ չի կատարվել պարետային ժամին։

Հարց- Մարտի 1-ին ո՞ր ստորաբաժանման կողմից է իրականացվել նախագահական նստավայրի անվտանգության ապահովումը։

Պատասխան- Ես չեմ հիշում, որ այնտեղ որևէ հատուկ ստորաբաժանումներ բերված լինեն նստավայրը պահպանելու համար։ Անվտանգությունը միշտ և այդ ժամանակ ապահովվել է պետական պահպանության ծառայության կողմից։

Հարց- Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ նախագահական նստավայրի անվտանգության ապահովմանը մասնակցել են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Ես նման տեղեկություններ չունեմ։

Հարց- ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների հետ ի պաշտոնե կամ առհասարակ առնչություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա կոնկրետ ո՞ւմ հետ, ի՞նչ հաճախականությամբ և ի՞նչ առիթներով։

Պատասխան- Ես անձամբ աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել և այդ առումով առնչվել եմ միայն ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, քանի որ նա նաև անվտանգության խորհրդի անդամ էր։ Բացի դրանից՝ առնչվել եմ Գ․ Հարությունյանի հետ ՀՀ նախագահի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ, երբ, օրինակ, ՍԴ են ուղարկվել միջազգային պայմանագրեր ՍԴ կողմից եզրակացության տալու համար, կամ որևէ գրագրության հետ կապված։ Այսինքն՝ եղել է բացառապես աշխատանքային հարցերով շփում։ Իսկ ՍԴ դատավորներից անձնապես ճանաչել եմ Ռաֆայել Պապայանին, Հենրիկ Դանիելյանին, սակայն նրանց հետ աշխատանքային հարցերով չեմ շփվել։

Հարց- ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Տիգրան Կարապետյանի կողմից ընտրության արդյունքները՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ․ փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, որի վերաբերյալ ՍԴ-ի կողմից մարտի 8-ին կայացվել է որոշում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ գործընթացի մասին։

Պատասխան- Ես այդ գործընթացին որևէ մասնակցություն չեմ ունեցել։

Հարց- Նախորդ հարցադրման մեջ նշված ժամանակահատվածում ՍԴ-ի անդամների հետ առնչվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հարցով, ե՞րբ, որտե՞ղ և ո՞ւմ հետ։

Պատասխան- Ոչ, չեմ ունեցել որևէ առնչություն։

Հարց- ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վիկտոր Պողոսյանին ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա նրա հետ ի՞նչ առնչություն եք ունեցել նշված օրերին։

Պատասխան- Չեմ կարող մտաբերել նման աշխատակցի։

Հարց- Վիկտոր Պողոսյանի եղբայրը՝ Վալերի Պողոսյանը, 2008թ․ դրությամբ հանդիսացել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։ Վալերի Պողոսյանին ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, նրա հետ այդ օրերին որևէ առնչություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ առիթով եք առնչվել։

Պատասխան- Ոչ, նրան էլ չեմ ճանաչում և որևէ առնչություն չեմ ունեցել։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Լ․ Տեր-Պետրոսյանի բողոքի քննության արդյունքում ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացնելու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահի աշխատակազմի միջոցով ճնշումներ է գործադրել ՀՀ ՍԴ անդամների վրա։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Նման տեղեկություններ ես չունեմ, հատկապես եթե այդ տեղեկությունները վերաբերում են իբրև ՀՀ նախագահի աշխատակազմի միջոցով տեղի ունեցած ճնշումներին, ապա կարող եմ ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման կանխորոշման նպատակով ՀՀ ՍԴ-ի որոշ անդամներ նախագահական պետհամարանիշի ավտոմեքենայով տեղափոխվել են ՀՀ նախագահի նստավայր։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ առնչություն ունեք Դուք այդ ամենի հետ։

Պատասխան- Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008թ․ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի հետ կապված Վիկտոր Պողոսյանի միջոցով Ձեզ մոտ եք կանչել վերջինիս եղբորը՝ Վալերի Պողոսյանին, սակայն չստանալով ակնկալվող աջակցությունը՝ Վիկտոր Պողոսյանին ասել եք․ «Մտածեք հետևանքների մասին», ըստ էության ակնարկելով բողոքը մերժելուն կողմ չքվեարկելու դեպքում սպասվող բացասական հետևանքների մասին։

Պատասխան- Դա իրականությանը չի համապատասխանում, ես Ձեր նշած անձին չեմ ճանաչում, չեմ էլ կարող մտաբերել նման աշխատակցի։ Չեմ ճանաչում նաև նրա եղբորը։

Հարց- «Վիկիլիքս» տեղեկատվական կայքում և «1in.am» լրատվական կայքում տպագրվել են հոդվածներ, որոնց համաձայն՝ ՍԴ նախկին անդամներ Վալերի Պողոսյանը և Կիմ Բալայանը հայտնել են, որ 2008թ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացի հետ կապված իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվել նախագահական նստավայրից։ Մասնավորապես, Վալերի Պողոսյանը հայտնել է, որ ճնշումներն ուղղորդվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից, իսկ Կիմ Բալայանը հայտնել է, որ նմանատիպ ճնշումներն ուղղորդվել են ՀՀ նախագահի կողմից։ Ի՞նչ կասեք վերը նշված հանգամանքների կապակցությամբ։

Պատասխան- Ես ընդամենը 10 օր առաջ եմ մամուլում կարդացել Կիմ Բալայանի հարցազրույցը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ, որից հետո ծանոթացա նաև նշված Վալերի Պողոսյանի՝ ամերիկացիներին հայտնած տեղեկություններին։ Կարող եմ ասել, որ Վալերի Պողոսյանի հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ի դեպ, ըստ ԱՄՆ դեսպանատան տեղեկությունների, նա ամերիկացիներին ասել է, որ ճնշումների վերաբերյալ ապացույցներ չունի։ Իսկ ինչ վերաբերում է Կիմ Բալայանի հարցազրույցում հայտնած տվյալներին, ապա ես նրա հետ որևէ շփում տվյալ հարցով չեմ ունեցել, բացի դրանից՝ նա իր հարցազրույցում իմ անունը չի նշել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում