Թբիլիսիում ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 8-րդ գագաթնաժողովը: Հանդիպումից հետո նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Դավիթ Զալկալիանին հանդես են եկել համատեղ ասուլիսով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարևորել է նմանատիպ հանդիպումները տարածաշրջանային խնդիրների քննարկման համար։ Շեշտելով Ադրբեջանի ու Վրաստանի հետ հրաշալի հարաբերությունների մասին՝ նա հավելել է․ «Ցանկանում ենք, որ մեր համագործակցությունն ու համերաշխությունն օրինակ լինի տարածաշրջանի հարևան երկրների համար»:
Չավուշօղլուն նշել է նաև երկրների միջև «Ոլորտային գործողությունների եռակողմ ծրագրի» ընդունման մասին՝ մանրամասնելով, որ այն վերաբերում է էներգետիկ, տրանսպորտային, առևտրային, զբոսաշրջային, գյուղատնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում եռակողմ համագործակցությանը:
Կողմերը հաստատել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Տարածաշրջանային խնդիրներին ևս անդրադարձ է եղել։ Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Շեշտել ենք Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը»: