ԱՄՆ-ի Սենատը պաշտպանել է Վրաստանում երկրի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը, հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը:
Սենատում դեսպանի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Քելլի Դեգնանը նախքան նոր նշանակումը եղել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդականը: Դրանից առաջ նա գլխավորել է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները Կոսովոյում և Իտալիայում: Դեգնանը նաև աշխատել է Աֆղանստանում, Թուրքիայում, Բոտսվանայում և Պակիստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում:
Նա փիլիսոփայության դոկտոր է, ունի ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան, տիրապետում է մի քանի լեզուների՝ ներառյալ իտալերենը, ֆրանսերենը, թուրքերենը և ուրդուն: ԱՄՆ-ը Վրաստանում դեսպան չունի անցյալ տարվանից, երբ իր գործունեությունն ավարտեց նախկին դեսպանը՝ Յան Քելլին: Ներկայում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի գործառույթները կատարում էր Էլիզաբեթ Ռուդը: