Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է հանդիպել Մինսկ ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ընդ որում, փորձագետները Լավրովի այս այցը որակում են որպես «վերջին նախազգուշացում Մոսկվային»։ Այն մասին, որ Լուկաշենկոն չէր նախատեսել հանդիպել ռուս նախարարի հետ, լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Պավել Լյոգկին։ Ինչպես գրում Коммерсант-ը, Բելառուսի նախագահի՝ ՌԴ ԱԳ նախարարին արհամարհելու որոշումն ակնհայտ ցուցադրական ժեստ է, քանի որ մինչև հիմա Լուկաշենկոն միշտ հանդիպել է անգամ Մինսկ ժամանած ռուս նահանգապետերի հետ։ Իրավիճակը չփրկեց նաև այն հանգամանքը, որ նախքան Մինսկ ժամանելը Լավրովը հայտարարել էր, որ, ի տարբերություն իր արևմտյան գործընկերների, բելառուսական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպում ինքը չի նախատեսում։
Նշենք, որ եվրոպացի նախարարները Մինսկին խոստացել են 3 մլրդ դոլարին համարժեք ֆինանսական օգնություն՝ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու պայմանով, իսկ Լիտվայի նախագահն ասել էր, որ Լուկաշենկոյի նախագահության շարունակությունը Բելառուսի կայունության երաշխիքը կլինի, և «այդ երկիրը չի վերածվի Ռուսաստանի»։ Այսպիսով, ըստ պարբերականի, նման ժեստերից ոգևորված Լուկաշենկոն կարծես որոշել է, որ Ռուսաստանին իր կոշտ դիրքորոշումը ցույց տալու համար շատ բարենպաստ ժամանակ է։
Ի դեպ, փորձագետների կարծիքով՝ նման վարքագիծը կարող է Լուկաշենկոյի «քթից գալ». եթե Մինսկը շարունակի հակառուսական քայլերը, ապա նոր տարում կբախվի ՌԴ–ի հետ իրական առևտրային պատերազմի։