Դեռ տարվա սկզբին կառավարությունը կանխատեսել էր, որ ամառվա շրջանում լինելու է գնանկում, և դա հիմնավորում էր բազմաթիվ տնտեսագիտական գործոններով, այդ թվում նաև սեզոնայնությամբ՝ գյուղմթերքների մասով, և եթե մենք ուզում ենք գնահատել արդյոք կառավարությունը դեր ունի՞ այս գնանկման մեջ, թե ոչ, պետք է սպասենք մինչև տարվա վերջ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արա Նռանյանը:
Նրա խոսքով, եթե տարվա ցուցանիշներով չունենանք պետական բյուջեով ամրագրված պլանային ցուցանիշը, նշանակում է՝ կառավարությունն այս ամենի հետ որևէ առնչություն չունի. «Միշտ էլ կարելի է դրականը վերագրել կատարված քայլերին, իսկ բացթողումները՝ օբյեկտիվ գործոններին»: Ամեն դեպքում ամբողջական գնահատական տալու համար, ըստ Ա. Նռանյանի, հարկավոր է սպասել զարգացումներին:
«Կառավարության կատարած քայլերը գնանկումը պահելու ուղղությամբ, կարծես, չենք նկատում. նույն կերպ շարունակում են դրամավարկային քաղաքականությունը: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե կառավարությունը հասել է այս փոքրիկ գնանկմանը, թող ասեն, թե ինչ կոնկրետ քայլեր են կատարել»,- ասաց Ա. Նռանյանը:











































