Facebook սոցցանցը օգտատերերի համար փակել է մի քանի խմբերի հասանելիությունը, որոնցում քննարկվել է առողջության համար վտանգավոր «սև քսուկը», որն իբր նպաստում է քաղցկեղի բուժմանը։ Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է BuzzFeed կայքը։
Որպես այս խմբերի փակման պատճառ, որոնք 20 հազարից ավելի մասնակից ունեն, Facebook-ը նշել է «ագրեսիվ և հանցավոր վարքը»։ Չնայած նրան, որ խմբերը չեն զբաղվել այդ միջոցի անմիջական վաճառքով, դրանց անդամները քննարկել են քսուկը տնային պայմաններում պատրաստելու եղանակները և արտասահմանում այն վայրերը, որտեղ այն կարելի է ձեռք բերել, նշում է կայքը։
«Սև քսուկը» այլընտրանքային բժշկության միջոց է, որի հիմնական բաղադրիչներն են մատնունի բույսն ու ցինկի քլորիդը։ Համացանցում տարածված կարծիքի համաձայն՝ քսուկը նպաստում է մաշկի քաղցկեղի, ինչպես նաև քաղցկեղի այլ տեսակների բուժմանը։ Իրականում քսուկը քայքայում է մաշկային ծածկույթը, իսկ դրա բուժական հատկությունների վերաբերյալ որևէ ապացույց գոյություն չունի։