Բեյրութի կենտրոնում, խորհրդարանի շենքի տարածքում բախումներ են ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք քարեր են նետում և հրավառություններով կրակում իրավապահների ուղղությամբ: Իրավապահները, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը ցուցարարների շրջանում:
Գործակալության տվյալներով, ցուցարարները կոտրել են մոտակա խանութի ապակիները: Իրավապահների շրջանում կան վիրավորներ:
Միևնույն ժամանակ, խորհրդարանի մոտ գտնվող հրապարակում շիա կուսակցության կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրանային ճամբարի վրա և այրել վրանները:
Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում և հիմնական մայրուղիներում ցուցարարներն արգելափակում են ճանապարհները՝ այրելով անվադողեր և աղբամաններ:
Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ից: Չնայած Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին երկրում անկարգությունները չեն դադարում: