Իշխանության կողմից դատարանների նկատմամբ ճնշումներ չկան. պետք է այս դատական համակարգը վերից վար վերափոխվի և համապատասխանի մեր նոր իրականությանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով, այսօրվա դատական համակարգը չի համապատասխանում այսօրվա իրականությանը և գտնվում է բոլորովին այլ դաշտում.«Դա է պատճառը, որ նրանց նկատմամբ անգամ չեղած ճնշումները նրանք զգում են։ Նրանք ուղղակի իրենց վրա զգում են իրենց կենսագրության ճնշումը»։
Անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքին, Վարդան Հարությունյանն ասաց, որ այդ քայլն, իհարկե, միտված է առկա ճգնաժամի լուծմանը, բայց չի կարծում, թե դա հաջողությամբ կպսակվի. «Կարծում եմ՝ հետհեղափոխական շրջանում պետք էր անել հեղափոխական քայլեր, կտրուկ քայլեր և շատ արագ օրենսդրական, սահմանադրական փոփոխություններով հասնել նրան, որ այսօր արդեն չունենայինք այն դատական համակարգը և այն ՍԴ-ն, որ ունենք։ Ըստ էության հապաղեցին»։