Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Շիրակի մարզում բանկի կառավարիչը «Մերսեդեսով» բախվել է «Օպելին», որի վարորդն ու մայրը մահացել են, չորս երեխաներ՝ վիրավորվել

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան, Ռ. Մխիթարյան կազմով, մեկնարկեց Հարություն Պետրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Հարություն Պետրոսյանը 31 տարեկան էր: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու մարդու՝ մահ, երկու երեխայի առողջությանը ծանր վնաս պատճառած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ինչպես վթարի պահին, այնպես էլ այժմ Հարություն Պետրոսյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սպիտակի մասնաճյուղի կառավարիչն է: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Նախնական կալանքի տակ Հարություն Պետրոսյանը եղել է երկու ամիս:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 20-ին, ժամը 12-ն անց 40-ի սահմաններում Գյումրիից Շիրակ գյուղ տանող ճանապարհին՝ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտ, Հարություն Պետրոսյանը խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, իր վարած «Մերսեդես» մեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի գոտի, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, իր գործողություններով պայմանավորել է պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Պետրոսյանի վարած «Մերսեդեսը» բախվել էր Մելիքսեթ Ա.-ի՝ դեպի Սպիտակ ընթացող «Օպել Աստրա» մեքենային: Այդ մեքենայում էին վարորդ Մելիքսեթ Ա.-ն, նրա մայրը՝ Անահիտը, չորս անչափահաս աղջիկներ՝ երկուսը՝ Մելիքսեթի դուստրերը, երկուսը՝ նրա եղբոր:

Վթարի արդյունքում 42-ամյա Մելիքսեթն ու նրա մայրը՝ 60-ամյա Անահիտը, մահացել են: 6-ամյա Աննան ու 10-ամյա Սոֆին ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, վնասվածքներ են ստացել նաև 9-ամյա Անահիտն ու 13-ամյա Մոնիկան:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 6 տարեկան Աննա Ա.-ին՝ Մելիքսեթի եղբոր երեխային, պատճառվել էին ծանր աստիճանի տրավմատիկ շոկ, ցերեբրալ կոմա՝ ցնցումային համախտանիշով՝ զոըգորդված՝ փակ գանգուղեղային վնասվածքով, ձախ ազդրի ու սրունքի ոսկրերի կոտրվածքներով:

10 տարեկան Սոֆիին՝ Մելիքսեթի դստերը, պատճառվել էին մի շարք բարդ կոտրվածքներ և այլ ծանր վնասվածքներ…

Պարզվել է, որ Հարություն Պետրոսյանը ճանաչել է տուժող Մելիքսեթին, նրա ընտանիքը, Մարալիկում նրանք նույնիսկ հարևաններ են եղել՝ նույն շենքում են բնակվել…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: Միջնորդության դեմ առարկել են տուժողների իրավահաջորդները՝ Մելիքսեթի կինն ու հայրը, ինչպես նաև գործով մեղադրող դատախազ Ա. Ավետիսյանը:

Դատարանը գործը քննել է արագացված ընթացակարգով;

Հարություն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Հարություն Պետրոսյանի՝ նախնական կալանքի տակ գտնված 2 ամիսը, դատարանը վերջնական պատիժ է սահմանել իրական ազատազրկում՝ 6 տարի 4 ամիս ժամանակով՝ 3 տարով Պետրոսյանին զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Հարություն Պետրոսյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատական այս ակտը օրինական ուժի մեջ մտնի:

Ապահովագրական ընկերությունից հօգուտ տուժողների իրավահաջորդների՝ կբռնագանձվի 1-ական միլիոն դրամ՝ որպես տուժողների հուղարկավորության ծախսերի հատուցում: Ներկայացված քաղհայցերը մնացած մասերով՝ կերակրողին կորցնելու հետ կապված՝ յուրաքանչյուր անչափահասին ամսական վճարի ձևով հատուցում, բուժման ծախսեր, մեքենային պատճառված վնասի հատուցում՝ թողնվել է առանց քննության՝ տուժողներին իրավունք վերապահելով դրանք ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Մ. Պողոսյանը:

Նշելով, որ առաջին ատյանի դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ սահմանել է անհամաչափ խիստ պատիժ՝ հաշվի չառնելով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները, ծանրացուցիչ հանգամանքների բացակայությունը, պաշտպանը խնդրել է պատժի մասով դատավճիռը փոփոխել, Հարություն Պետրոսյանին դատապարտել ավելի մեղմ պատժի, նրա նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթն ու նրան ազատել պատժի կրումից: Եթե դատարանը պատժաչափը չմեղմացնի, ու Համաներման ակտի կիրառումն անհնարին լինի, պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Դատական նիստի սկզբում պարզվեց, որ պաշտպանը դիմել էր դատարան՝ նշելով, թե Գեղարքունիքի մարզում այլ գործով անհետաձգելի դատավարական գործողությունների ու դատական նիստի պիտի մասնակցի, չի կարող ներկայանալ այս նիստին, խնդրել էր հետաձգել նիստը, միաժամանակ հավաստիացրել էր, թե անհարգալից վերաբերմունք չի դրսևորում դատարանի ու դատավարություն կողմերի նկատմամբ, հայցել էր նրանց ներողամտությունը:

Սակայն պարզվեց, որ վերաքննիչ դատարանում մեկ անգամ դատական նիստն այս գործով արդեն իսկ հետաձգվել էր՝ դարձյալ պաշտպանի զբաղվածության ու չներկայանալու պատճառով: Ընդ որում՝ պաշտպանը դատարանին էր ներկայացրել իր զբաղվածությունը, և դատական այս նիստը նշանակվել էր՝ պաշտպանի զբաղվածության գրաֆիկը հաշվի առնելով:

Ամբաստանյալը խնդրեց հետաձգել նիստը՝ ասելով, թե իր համար ևս անսպասելի էր, որ պաշտպանն այս նիստին չկարողացավ ներկայանալ, ինքն այդ մասին իմացել է նիստից մի քանի ժամ առաջ և չի կարող մասնակցել նիստին առանց պաշտպանի:

Սակայն տուժող կողմն ու մեղադրողն առարկեցին՝ նշելով, թե Շիրակի մարզից եղանակային անբարենպաստ պայմաններում հասել են Երևան, հոգեբանորեն տուժող կողմը բավական ծանր է տանում յուրաքանչյուր հետաձգում, բացի այդ՝ նախորդ նիստն արդեն իսկ հետաձգվել է պաշտպանի բացակայության պատճառով:

Դատարանն արձանագրեց՝ գործը քննվում է վճռաբեկության կարգով, ինչի պայմաններում կողմի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար, պաշտպանի բացակայության պատճառով մեկ անգամ արդեն գործի քննությունը հետաձգվել է, իսկ այս նիստը նշանակվել է՝ պաշտպանի զբաղվածությունը հաշվի առնելով: Դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել:

Պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը ներկայացրեց նախագահող դատավոր Ա. Մնացականյանը:

Պաշտպանը նշել էր, թե Հարություն Պետրոսյանի կատարած խախտումը նախ այնպիսին է եղել, որի համար անգամ վարչական պատասխանատվություն սահմանված չէ, այսինքն՝ եթե ծանր հետևանքներ չլինեին, նա իր կատարած խախտման համար անգամ վարչական պատասխանատվության չէր ենթարկվի: Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ Հարություն Պետրոսյանի արարքի ու անձի հանրային վտանգավորության աստիճանը ցածր է, նա անկեղծորեն զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով, նա պատրաստ է տուժողների իրավահաջորդներին հատուցում տրամադրել այն չափով, որը չի ընդունում ապահովագրական ընկերությունը: Հարություն Պետրոսյանի խնամքին է մի քանի ամսական՝ 2019 թվականի փետրվարին ծնված մանկահասակ երեխան: Պետրոսյանը երիտասարդ է, բարձրագույն կրթությամբ, ունի աշխատանք, ընտանիք, նա ճանաչել է տուժողներին, մեծ ցավ է ապրել, նա արդեն իսկ ուղղվել է՝ ըստ պաշտպանի, ու նրան հասարակությունից մեկուսացնելու անհրաժեշտություն չկա:

Պաշտպանը անդրադարձել էր նախադեպային դատական ակտերի, նշել էր, թե դատարանը հատուկ այնպիսի պատիժ է սահմանել Հարություն Պետրոսյանի նկատմամբ, որ Համաներման ակտը կիրառելի չլինի, բավական էր, որ նշանակեր ոչ թե 6 տարի 6 ամիս, այլ՝ միայն 6 տարի ազատազրկում, և Համաներման ակտի կիրառումով Պետրոսյանը կազատվեր պատժի կրումից: Ստացվում է, որ Համաներման ակտի ընդունումը ծանրացրել է իր պաշտպանյալի վիճակը՝ նրա նկատմամբ ավելի խիստ պատիժ է նշանակվել, քան կարող էր նշանակվել, եթե Համաներման ակտ ընդունված չլիներ:

Պաշտպանն անդրադարձել էր նաև պայմանական դատապարտության կիրառման հարցին, խնդրել էր պատիժը չմեղմացնելու դեպքում կիրառել պայմանական դատապարտություն:

Ամբաստանյալը ամբողջությամբ միացավ իր պաշտպանի բողոքին, ասաց, թե ևս երկու մեղմացուցիչ հանգամանք է ավելացել՝ նախ՝ ինքը մասնակցել է վերջին զորավարժություններին, ու իրեն շնորհվել է լեյտենանտի կոչում, բացի այդ՝ իր երեխան տասն ամսական է, ու հիմա էլ իր ընտանիքը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին…

Տուժողի իրավահաջորդ Նազելի Մ.-ն՝ Մելիքսեթ Ա.-ի կինը, պաշտպանի բողոքի դեմ գրավոր առարկություն էր ներկայացրել, որը դատարանում ներկայացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Է. Թումասյանը:

Տուժողի իրավահաջորդը նշել էր, որ առաջին ատյանի դատարանը սահմանել է կատարված արարքին համաչափ պատիժ, դատական ակտը փոփոխելու, պատիժը մեղմացնելու հիմքեր չկան:

Տուժողի իրավահաջորդը նշել էր, թե իրականում Հարություն Պետրոսյանը սկսել էր «անկեղծորեն զղջալ» գործի դատաքննության փուլում, երբ Համաներման ակտն ընդունվել էր: Այսինքն՝ ամբաստանյալը, ըստ տուժող կողմի, ոչ թե անկեղծորեն է զղջացել, այլ՝ անպատիժ մնալու ցանկությունից:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Հարություն Պետրոսյանը վթարից հետո՝ նախաքննության ամբողջ ընթացքում՝ շուրջ մեկուկես տարի, չէր զղջացել, հակառակը՝ ամեն ինչ արել էր՝ մեղքը Մելիքսեթ Ա.-ի վրա բարդելու, որպես տուժող հանդես գալու համար: Նա միջնորդել էր լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մասին, նախաքննության ավարտին անգամ հայտարարել էր, թե անմեղ է: Հարություն Պետրոսյանը, ըստ տուժողի, վթարից հետո, լինելով իրենց հարևանը, լավ ճանաչելով իրենց, մարդկային ոչ մի քայլ չի կատարել՝ հաշտության եզրեր գտնելու կամ գոնե իրենց վիշտը կիսելու համար, նա մեկուկես տարի ոչինչ չի արել՝ գոնե ծանր վնասվածքներ ստացած երեխաների բուժման ընթացքին աջակցելու համար, նա իրեն, ըստ տուժողի իրավահաջորդի, դրսևորել է անմարդկային, անխիղճ կերպով, և ինքը ներկայումս նրանից որևէ հատուցում չի ընդունի:

Տուժողի մյուս իրավահաջորդը՝ Մելիքսեթի հայրը, նշեց, որ իրենց ուզածը միայն այն է, որ իրենց մերձավորների մահվան ու երեխաների առողջության խաթարման պատճառ դարձած անձը իրական պատիժ կրի, ուրիշ բան իրենք չեն պահանջում ու պնդում են, որ Հարություն Պետրոսյանի արարքի ու անձի հանրային վտանգավորության աստիճանը բարձր է:

Մեղադրող դատախազը նույնպես առարկեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ: Նշեց, որ բացի երկու չափահաս անձի մահից, պատահարի հետևանքով վնասվածքներ են ստացել չորս երեխաներ, երեխաներից երկուսի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, նրանք ենթարկվել են ծանր վիրահատությունների… Ըստ մեղադրողի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, պետք է մնա անփոփոխ:

Դատական այս նիստին գործի քննությունը չավարտվեց: Հաջորդ նիստին դատարանը կլսի նաև պաշտպանի դիրքորոշումը: Եթե ամբաստանյալը լրացուցիչ փաստաթղթեր ունենա ներկայացնելու, կներկայացնի:

Նիստի ավարտին տուժողի իրավահաջորդը՝ Մելիքսեթ Ա.-ի կինը, շատ բուռն հուզական բռնկում ունեցավ, ամբաստանյալին ասաց, թե իր ամուսնու ու երեխաների թափած ամեն կաթիլ արյան համար նա պատասխան է տալու: Ակնհայտ էր, որ կինը հոգեբանորեն սթրեսային ծանր վիճակում էր, նա ամբողջ նիստի ընթացքում արտասվում էր, տեղից արտահայտություն անելու համար նախազգուշացվեց նախագահողի կողմից, իսկ նիստի ավարտին նրա կողմից բուռն պոռթկում տեղի ունեցավ…

Ըստ խոսակցությունների՝ ամբաստանյալը վթարից հետո էր ամուսնացել՝ հարսանիքով, ինչը, հաշվի առնելով նաև նախաքննության ընթացքում նրա մերժողական դիրքորոշումը, ավելի էր բորբոքել նրա հարևան՝ նույն շենքում ապրող տուժողների ընտանիքը, նրա նկատմամբ վերաբերմունքը դարձել էր ծայրահեղ լարված: Բացի երկու թանկ մարդկանց մահից՝ նաև վթարի ժամանակ վնասվածքներ ստացած երեխաների վիճակն էր ծանր, իսկ ամբաստանյալը որևէ կերպ իր վշտակցությունն ու աջակցությունը չէր հայտնել…

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ ամբաստանյալի եղբայրը բժիշկ է, նրանց ընտանիքը կարող էր գոնե երեխաների բուժման հարցերում օժանդակել, դրական դեր ունենալ, բայց որևէ բան չէր արվել, հակառակը՝ քայլեր էին կատարվել մեղքը մահացած Մելիքսեթի վրա բարդելու ուղղությամբ, և միայն դատարանում՝ արդեն Համաներման ակտի ընդունումից հետո, միանգամից ամբաստանյալը փոխել էր դիրքորոշումը, իրեն մեղավոր էր ճանաչել, զղջում էր արտահայտել ու պատրաստակամություն էր հայտնել որոշակի վնասներ փոխհատուցել, նույնիսկ՝ վնասված «Օպել» մեքենայի փոխարեն նոր մեքենա գնել ու հանձնել տուժողի իրավահաջորդին… Տուժող կողմը չէր հավատում ամբաստանյալի զղջումին, դրա մեջ տեսնում է միայն պատժից խուսափելու նպատակ…

Տուժող կողմի վերաբերմունքը բավական լարված է այս գործով, չնայած վթարից անցել է երկուսուկես տարի, բայց վերքերը սպիացած չեն, մարդկային կորստի, երեխաների կորսված առողջության համար ցավը դեռ թարմ ու շատ բորբոքուն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում