Լուրեր
Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը ոստիկանությանը տրվել է 2007թ.-ից. այս նախագծով անկախանում ենք ԱԱԾ-ից

«Ոստիկանության գործողությունները պետք է լինեն հիմնավոր, մարդու իրավունքներին միջամտությունները նույնպես պետք է լինեն հիմնավոր: Այսինքն՝ օբյեկտիվորեն պետք է լինի անհրաժեշտություն, որպեսզի ոստիկանությունը միջամտի այս կամ այն գործողությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը՝ հավելելով, որ երբեմն ոստիկանության անհրաժեշտ միջամտությունն ուշանում է կամ այդ պահին բավարար չէ՝ կանխելու հնարավոր իրավախախտումը, բայց մեծ հաշվով ոստիկանությունը սկսել է գործել բացառապես այն սկզբունքներով, որոնք նախանշված են Ոստիկանության մասին օրենքով:

Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանության և պետության քաղաքականությունը, ըստ էության, այն ուղղությամբ են գնում, որ պետք է լինել անհանդուրժող իրավախախտների նկատմամբ և օբյեկտիվորեն պաշտպանել այն շահերը, որոնք օրենսդրորեն պարտականություն ունի պաշտպանել ոստիկանությունը:

Օրերս առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Մանուկ Մուրադյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, մանրամասնեց, որ 2007թ. երբ ընդունվել է Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը, այդ պահից սկսած՝ նույն օրենքով սահմանվել են այն մարմինները, որոնք իրավունք ունեն օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալել՝ այդ թվում նաև ոստիկանությունը:

«Եվ այդ նույն օրենքով 2007թ-ից ի վեր սահմանված են այն գործողությունները, որոնք կարող են իրականացնել այդ մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՔԿՀ-ները՝ համապատասխան տարածքներում և հեռախոսազրույցներ լսելու իրավասություն տրված է ոստիկանությանը և վերոնշյալ մարմիններին:

Հեռախոսային զրույցներ վերահսկելու օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար տեխնիկական ապահովման ամբողջ գործիքակազմը տրված է ԱԱԾ-ին, և եթե ոստիկանությունը, օրենքով նախատեսված կարգով ստանալով դատարանի թույլտվությունը, ցանկանում է կատարել այդ միջոցառումը, ապա պետք է դիմի ՀՀ ԱԱԾ համապատասխան գլխավոր վարչությանը: Ոստիկանությունը մինչ այժմ էլ այս միջոցառումն իրականացրել է, ուղղակի կապուղին ԱԱԾ-ն է տվել,- ընդգծեց Մ. Մուրադյանը՝ հավելելով, որ այս նոր օրինագծով ոստիկանությունը պարզապես անկախանում է ԱԱԾ-ից:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *