Լուրեր
Մուրճն էլ, մեխն էլ ձեր ձեռքին է. ինչն է խանգարում վարչապետին «ջարդել» պետական համակարգի խնդիրները

«Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը». կառավարության նիստում Ն. Փաշինյանի հնչեցրած այս անսպասելի արտահայտության և վարչապետի այլ դիտարկումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

«Այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։ Ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով… Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ եղավ»,- նշել է Ն. Փաշինյանը:

Ի՞նչ է ենթադրում վարչապետի այս արտահայտությունը կամ ինքնախոստովանությունը: Անդրադառնալով այս հարցին՝ Հայկ Սահակյանը նկատեց՝ առաջին անգամ չէ, որ հնչում է այն միտքը, որ կառավարության միջին օղակները ըմբոստանում են, չեն ուզում աշխատել նոր պայմաններում նոր մարդկանց հետ, ուզում են իներցիոն համակարգով աշխատել: «Բայց ի՞նչն է խանգարում վարչապետին վերացնել այդ խնդիրները: Մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ»,- նշեց Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ կառավարությունը միգուցե պետք է հեղափոխական մեթոդներ կիրառի պետական համակարգում:

Գոռ Մադոյանի խոսքով՝ պետական համակարգի դիմադրության խնդիրը նոր չէ. «Վարչապետն անընդհատ խոսում է այն մասին, որ շարքային քաղաքացիները պետք է անհատական ջանքեր գործադրեն, աջակցեն հեղափոխությանը և այդ քաղաքացիների թվին է պատկանում նաև պետական ապարատը: Հիմնական խնդիրն այն է, որ բյուրոկրատական ապարատը չի դառնում հեղափոխության շարժիչը և նախաձեռնողականոթյուն չի ցուցաբերում հեղափոխական օրակարգի սպասարկման ուղղությամբ»:

Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ խնդիրները խորքային են. «Պետք է հասկանալ խորքային պրոցեսները: Երբ ասում ենք, որ պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը, դա չի նշանակում, որ մենք անօրինական ճանապարհով պետք է ազատվենք այդ դիմադրությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *