ՀՀԿ-ն տասը տարուց ավելի է՝ երկրում պետական իշխանության լիիրավ բաժնետերն է, սակայն Գարեգին Նժդեհին հերոսի կոչում չշնորհեց: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Նժդեհ երիտասարդական համամիավորում» կազմակերպության նախագահ Վարդան Տարասշյանը` արձագանքելով մեր այն նկատառմանը, թե Ուկրանիայում Բանդերային, օրինակ, Ազգային հերոսի կոչում շնորհվեց: Այնինչ Գարեգին Նժդեհը Հայաստանի իշխանության կողմից այդ պատվին չարժանացավ: Այդ կոչումը բաժին հասավ, օրինակ, Քըրք Քրքորյանին, Նիկոլայ Ռիժկովին: «Նժդեհը շատ ավելին էր, քան հերոսը: Նժդեհը մեր ցեղի հասարակական-քաղաքական մտքի բարձունքն է: Հոգեւոր բարձունք` անհասկանալի մինչեւ այսօր: Նա գաղափարական առաջնորդ էր եւ կմնա առհավետ: Ինչ վերաբերում է պետական մակարդակով նրան որպես ազգային հերոս կոչելուն, ցավոք սրտի, մինչեւ այսօր ես չեմ լսել որեւէ նախաձեռնություն այդ հարցի կապակցությամբ: Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական ղեկավարն է, և որեւէ անգամ նրա շուրթերից չի հնչել Գարեգին Նժդեհի անունը: Հետևաբար խոսք անգամ չի կարող լինել հերոսի կոչում տալու կամ Նժդեհին մեծարելու` որպես հոգեւոր պատմական բարձունքի»,- ավելացրեց «Նժդեհ երիտասարդական համամիավորում» կազմակերպության նախագահ Վարդան Տարասշյանը: