Կամ Հայաստանն իր դիվանագիտական տեղը զիջում է ԼՂՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահը չի շարունակում թագավորել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց Արցախի հիմնախնդրի կարգավորման իր տեսակետը՝ ընդգծելով, որ չի վստահում անգլոսաքսոնական քաղաքականությանը:
«Ինչ է նշանակում՝ տալ ազատագրված յոթ գավառները: Եվրոպական կառույցներն Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում միայն միակողմանի զիջումներ են նախատեսում, իսկ ռուսական դիվանագիտությունը ԱՄՆ-ի հետ եկավ ընդհանուր հայտարարի՝ գաղտնի դիվանագիտության քողի տակ, ինչը հանցագործություն եմ համարում»,- նշեց կուսակցության նախագահը՝ շարունակելով, որ սա կբերի քաղաքական ճգնաժամի՝ Հայաստանից կպահանջեն զոհ տալ:
Խոսելով ՀՀ դիվանագետներին ուղղված իր առաջարկության մասին՝ Դ.Հակոբյանն առանձնացրեց երկու ելք: «Ես, որպես Արցախյան հիմնախնդրի մարքսիստյան տարբերակ, առաջարկում եմ դիվանագիտական թայմ-աութ: Հայաստանը պետք է դիվանագիտական պայքարից դուրս գա՝ թողնելով Արցախին, որպես գլխավոր կոնֆլիկտոր, կամ ՀՀ նախագահը հրաժարական տա, քանի որ անզոր է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»,- առաջարկեց Մարքսիստական կուսակցության նախագահը՝ մեկնաբանլով, որ ՀՀ նախագահը չկարողացավ լուծել Հայաստանի երեք հիմնախնդիրները՝ ազգի քաղաքական միասնության, կենսաբանական և ֆիզիկական անվտանգության և պատմաաշխարհագրական տարածքների պահպանման: Անդրադառնալով ՀԱԿ-Իշխանություն երկխոսությանը՝ Դ.Հակոբյանը նշեց, որ այն նպատակ է հետապնդում ժամանակ շահել հասարակության քաղաքական իմպուլսիվությունը մեղմելու համար:
«Այս բանակցային գործընթացում քաղաքական բովանդակություն չկա, ուստի ՀԱԿ-ը ճիշտ է արել, որ օգոստոսի մեկին կայանալիք հանրահավաքի կարգախոսը ընդարձակել է՝ «Արտահերթ նախագահական ընտրություններ»,- հավելեց Դ.Հակոբյանը:











































