Լուրեր
Քոչարյանին մարդ սարքել է Տեր-Պետրոսյանը. Եթե հիմք ունենար վաղուց պատասխանատվության կենթարկեր Տեր-Պետրոսյանին
  • 22:00
  • 2019-12-11
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

– Զրույցն սկսենք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույցում դոմինանտ է համարվում արցախյան թեման, որն ուղիղ առնչությամբ գալիս է Ձեր և Ձեր հանձնաժողովի դուռը: «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»,- հարցազրույցում նշել է Ռ. Քոչարյանը: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է ակնարկում նախկին նախագահը:

– Առաջադրված թեկնածուների՞ց:

– Այո՛:

– Նախ՝ ես կուզենայի շեշտել, որ դա ոչ թե երկրորդ նախագահի հարցազրույցն էր, այլ Մարտի 1-ի գործով կասկածյալ Ռ. Քոչարյանի: Նա իր նախագահության ժամանակ այս հարցազրույցում նշված թեզերը առաջ չէր քաշում: Նա երկար ժամանակ է ունեցել՝ ՀՀ վարչապետ և նախագահ լինելով, դրանից առաջ էլ Լեռնային Ղարաբաղի նախագահ լինելով, և կարող էր ներկայացնել այդ թեզերը, որոնց մասին հիմա է խոսում: Օրինակ՝ այդ թեզերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է իր նախաձեռնությունը, մասնակցությունն ունենա բանակցություններին, բայց հենց Ռոբերտ Քոչարյանի պատճառով է Լեռնային Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից. դա հաստատված է առնվազն երկու համանախագահ երկրների կողմից, և վերջին ժամանակներս էլ Լավրովն ուղղակի ակնարկ արեց այդ մասին: Այս հարցազրույցում պարզ երևում են նեղացած, չարացած մարդու ասածները, որոնք համահունչ չեն այն մտքերին, որը կարող էր ունենալ երկրի նախագահը, թեկուզ նախկին:

Այսինքն՝ ես դա համարում եմ զուտ մի մարդու հարցազրույց, որը փորձում է ոչ միայն ձգձգել դատական պրոցեսի մեկնարկը, այլ նաև շեղել ուշադրությունը քրեական գործից, բերել իբր քաղաքական բանավեճի դաշտ և ցույց տալ, որ իբրև թե իրեն հետապնդում են Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր մտածելակերպի կամ քաղաքական ինչ-որ դրդապատճառներով:

Այսինքն՝ նախկին նախագահը չի թաքցնում, որ իր քաղաքական աջակցության հիմնական հենակետն Արցախն է:

– Չեմ կարծում, որ նա երբևէ այդպես է մտածել, առնվազն երկու-երեք ապացույց կարող ենք իր կենսագրությունից բերել, առաջինը՝ նա հանգիստ թողեց Ղարաբաղը և եկավ Հայաստան, վարչապետ դարձավ: Միշտ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում է՝ ինչու այս մարդուն բերեց Հայաստան: Բայց երբեք չեն ասում՝ Ռ. Քոչարյանը Արցախի ժողովրդին խոստանալով ինչ-որ բաներ նախագահ ընտրվելու ժամանակ՝ ինչու հանգիստ թողեց եկավ Երևան, ընդ որում՝ երբ դժվար ժամանակներ էին Արցախի համար:

– Այսինքն՝ ճիշտ կլիներ հրաժարվե՞ր:

– Իհարկե: Ես հիմա չեմ ուզում բացել այն ժամանակվա բոլոր փակագծերը, անցած է արդեն: Առաջին նախագահի գրասենյակում խորհրդակցության ժամանակ ես ներկայացրեցի իմ մի քանի թեզերը, առաջինը, որ սխալ է, երբ Արցախի պաշտոնյան տեղափոխվում է այստեղ, հակառակը՝ մենք պետք է ուժեղացնենք Արցախի թիմը՝ թե՛ բանակցային, թե՛ վարչարարական: Բայց եկեք չխորանանք, տեսեք, Քոչարյանն իր հարցազրույցով մեզ շեղում է հիմնական թեմայից: Թե ում նկատի ունի նա Լեռնային Ղարաբաղի առաջնորդներից, չեմ կարծում, որ դա էական է այն համատեքստում, որում ինքն է ներկայացնում:

– Էական է նրանով, որ նախկին նախագահն արդեն փորձում է միջամտություն ցուցաբերել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

– Անցել են այն ժամանակները, երբ այստեղ՝ Հայաստանում նստած նախագահը կամ ղեկավարը նշանակում կամ ընտրվել էր տալիս ինչ-որ մեկին, որին համարում էր իր թիմից: Արցախը կայացել է որպես պետություն, արդեն ժամանակը եկել է, և Արցախի ժողովուրդը, որը կայացել է թե՛ որպես քաղաքացիական, թե՛ որպես ինստիտուցիոնալ հասարակություն, լիովին պատրաստ է այսօր առանց որևէ մեկի, առանց դրսի խորհրդի իր ընտրությունը կատարել: Ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց դա չպետք է Արցախի ժողովրդի համար ունենա նշանակություն այն հարցում, թե ում են ընտրելու: Եվ վերջապես մենք պետք է հասկանանք, որ Արցախը ընտրելու է իր ղեկավարին ոչ միայն Արցախի հարցը միջազգային ատյաններում ճիշտ ձևով բարձրացնելու, այլ նաև իրենց կյանքն ապահովելու համար: Արցախի նախագահը պետք է ոչ միայն լուծի արտաքին անվտանգության և ընդհանրապես անվտանգության հարցը, այլ նաև տնտեսական, սոցիալական հարցեր: Եվ ամենակարևորը՝ այդ անվտանգությունը պայմանավորված է նաև նրանով, թե ինչքան բնակչություն է ապրում Արցախում, և որքանով են նրանք իրենց ապահով զգում այնտեղ:

– Հարգելի՛ Իգիթյան, Ռոբերտ Քոչարյանը Ձեզ հիշեցնում է, որ 98թ. հանրային մեծ պահանջ կար ձերբակալելու Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսօր հանդիպե՞լ եք այդ մտքին: Ինչո՞ւ չարվեց, արդյո՞ք դա հնարավոր էր, անգամ եթե գտնվեր այդպիսի քայլ կատարելու հիմնավորում:

– Նախ՝ ես չգիտեմ՝ 98թ. այդպիսի հանրային պահանջ կար, թե չկար, Ռ. Քոչարյանն այդ ժամանակ երկրի նախագահն էր, և եթե օրենքով հիմք կար որևէ մեկին, այդ թվում՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, քրեական գործով կամ այլ քաղաքական պատասխանատվության կանչելու, թող աներ, ի՞նչ է ուզում հիմա դրանով ասել: Ինքն ուզում է ասել, որ այն մարդը, որն իրեն մարդ սարքեց, քաղաքական գործիչ՝ թե՛ Ղարաբաղում, երբ որ ինքը 90թ. 7-8 ձայն էր հավաքում և չէր կարող ընտրվել նույնիսկ մարզսովետի նախագահ, և այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դարձրեց Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ՝ հռչակելով Ղարաբաղի առաջին դեմք, և հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը նրան բերեց այստեղ և ձևավորեց որպես քաղաքական գործիչ: Այդ ժամանակ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին աստված էր համարում կամ առնվազն թագավոր: Եթե ուզում էր, թող ձերբակալեր, հիմա ինչի՞ց, ումի՞ց է բողոքում և ո՞ւմ է բողոքում, որ ինքը 21 տարի առաջ չի ձերբակալել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ ինչ է ուզում ասել դրանով, եթե հիմք կար, թող ձերբակալեր, չկար՝ չձերբակալեր, եթե չես ձերբակալել՝ օրենք խախտելով, ուրեմն հիմա պատասխանատու ես դրա համար, եթե հիմք չկար և չես ձերբակալել, հիմա ինչու ես խոսում: Գուցե այս թեման հետաքրքիր է, բայց մենք պետք է միշտ հիշենք, որ այսօր կա Մարտի 1-ի հետ կապված քրեական գործ և հարցեր կան. հասարակությունը սպասում է այդ հիմնական հարցերի պատասխանին՝ ո՞վ է բանակը հանել փողոց, ո՞վ է բանակին կրակելու հրաման տվել, ո՞վ է Լեռնային Ղարաբաղից այստեղ բանակ բերել, ո՞վ է հետագայում հրաման տվել կեղծ գործեր սարքել, ո՞վ է հրաման տվել ոստիկաններին, որոնք կեղծ ցուցմունքներ էին տալիս, ո՞վ է հետագայում կոծկել ապացույցները, ո՞վ ի՞նչ դերակատարություն ուներ…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *