ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները, և կոչ է արել զսպվածություն ցուցաբերել թե՛ ԱԱԾ-ի, թե՛ առհասարակ Ազգային անվտանգության մարմիններում աշխատող աշխատակիցների հանդեպ:
Այս առնչությամբ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Սաքունցի հայտարարությունը միանգամայն լեգիտիմ է. «Քաղաքացիական առումով ցանկացած ակտիվ անձ այդ կոչով հանդես գալու իրավունք ունի, և ինձ թվում է՝ անհիմն է դա ընկալել որպես զրպարտություն, վիրավորանք՝ հաշվի առնելով, որ դա ընդամենը կոչ է, այսինքն՝ որևէ փաստի վերաբերյալ տեղեկություններ չկային»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ ԱԱԾ-ի արձագանքը համարժեք չէր. «Եթե լեգիտիմ առաջարկ կամ կոչ է արվում, ցանկացած պետական մարմին պետք է ուշադրությամբ հետևի և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի հանրային տրամադրություններ կան, ինչպիսի վերաբերմունք կա տարբեր պետական մարմինների նկատմամբ»:
Բորիս Նավասարդյանը, այնուամենայնիվ, հայտարարության մեջ միտումներ տեսնում է. «Խոսքն այն մասին է, որ ուժային կառույցները կարծես ավելի վճռական են ռեպրեսիվ ապարատն աշխատեցնելու առումով: Սա ևս մեկ ապացույց է նրա, որ քննադատության, հանրային պահանջների նկատմամբ հանդուրժողականություն այնտեղ չկա, և պատրաստ են դիմել ավելի կոշտ միջոցների»:
Նա հույս հայտնեց, որ այդ միտումը համապատասխան գնահատական կստանա քաղաքական իշխանությունների կողմից. «Եվ մենք չենք ունենա մի երևույթ, որը, որքան էլ պարադոքսալ է, բնորոշ է ազատական զարգացումների ճանապարհով գնացող երկրներին, այսինքն՝ տնտեսության մեջ միտումներն ազատական են, բայց դրան զուգակցվում է ուժային կառույցներն ավելի կոշտ դարձնելը: Դրա փորձը մենք տեսել ենք Վրաստանում, և այնտեղ դա բավականին վատ ավարտ է ունեցել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: