Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է TVNZ հեռուստաալիքը:
Օքլենդ քաղաքի Մանուկաու օկրուգի առողջապահության վարչության պետ Փիթեր Ուոթսոնի խոսքով՝ դոնորական մաշկը, որը ստացվում է այլ երկրներից, արդեն ուղարկել են ավստրալական Վիկտորիա նահանգի դոնորական հյուսվածքների բանկ և Սիդնեյ քաղաքի օրգանների և հյուսվածքների դոնորական ծառայություն: Ավստրալիան տուժածների հետագա փոխպատվաստման համար հանձնել է արդեն 20 հազար քառակուսի սանտիմետր հյուսվածք:
Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած Պլենտի ծոցի Ուայթ-Այլենդ նորզելանդական կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է դեկտեմբերի 9-ին: Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին դրա շրջակայքում և կղզում գտնվում էր 47 մարդ, որոնց թվում եղել են նորզելանդացիներ և զբոսաշրջիկներ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մալայզիայից: Մեկ մարդ զոհվել է, ևս 38-ը տեղափոխվել են Վակատանի օկրուգի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից հինգը մահացել են: Կղզում մնացած ութ մարդու ճակատագիրն առաջվա պես անհայտ է:
Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին է: Նախորդ ժայթքումն արձանագրվել է 2012 թվականի վերջին – 2013 թվականի սկզբին: