Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Երևանում անցկացված համաժողովում հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում շատ ավելի անհանդուրժող է լինելու այն պաշտոնյաների պարագայում, որոնց ինքն է նշանակել կառավարման համակարգում: Որպես քաղաքական կամքի և կոռուպցիայի դեմ անհանդուրժողության դրսևորման վկայություն նա հիշեցրել է 4 բարձրաստիճան պատոնյաների օրինակը, որոնք մեղադրվում են կոռուպցիայի համար: Իհարկե որևէ մեկի մեղադրանքը դեռևս ապացուցված չէ: Մի մասի գործը արդեն դատարանում է, ինչպես օրինակ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքում, իսկ մի պաշտոնյա էլ՝ ԿԳՄՍ փոխնախարարը, ձերբակալվել և կալանվել է օրերս:
Այդուհանդերձ, այդ օրինակները դեռևս չեն խոսում ոչնչի մասին, կամ քիչ բանի մասին են դեռևս խոսում, մինչև չլինի դատավճիռ, որը կմտնի ուժի մեջ: Այն, որ արդեն իսկ կա իրավապահների հստակ արձագանք, անկասկած ողջունելի է: Միևնույն ժամանակ, սակայն, առանցքային չափիչը լինելու է դատավճիռը: Իր հերթին սակայն այստեղ հանգում ենք մեկ այլ խնդրի՝ դատական համակարգի վստահելիության: Երկիմաստ վիճակ է: Մի կողմից անկասկած է, որ կոռուպցիայի համար մեղադրանքը դեռևս ապացուցված հանցանք չէ և դատարանը կարող է արդարացնել մարդուն, ու հենց դրա համար էլ պետությունների առանցքային սյուններից մեկը անկախ արդարադատությունն է: Դրան զուգահեռ սակայն, Հայաստանում կա համատարած համոզում, որ չկա անկախ արդարադատություն:
Եվ այդ համոզմանը նպաստում է նաև իշխանությունը, որը թե ընդդիմություն եղած ժամանակ, թե այժմ հայտարարում է, որ դատական համակարգը վստահելի չէ և այնտեղ մեծ ազդեցություն ունի նախկին կոռուպցիոն համակարգը: Սա էլ իր հերթին է առաջ բերում երկիմաստ անվստահություն: Վերջին հաշվով, եթե դատարանը դատապարտում է մեղադրվող պաշտոնյաներին, ապա նրանց ընկերները, համակիրները դատարանի այդ որոշումը գնահատում են որպես նախկին համակարգի պատվեր՝ նոր իշխանության անցանկալի անձանց դեմ: Ավելին, իրավապահների մեղադրանքն անգամ զգալի շերտերում մատուցվում է այդպես, որ նախկին ազդեցության տակ գտնվող իրավապահները գործեր և ձերբակալություններ են «սարքում» նոր իշխանության իրենց համար անցանկալի, անկոտրում, սկզբունքային պաշտոնյաների դեմ: Եթե դատարանում նրանք արդարացվելու են, ապա այստեղ էլ առաջանում է մյուս հարցը՝ իսկ դատարանը անկա՞խ է եղել իր այդ որոշումը կայացնելիս, թե՞ կախված: Որն է այս իսկապես բավականին խառը և բազմիմաստ, հակասական իրավիճակը մատնացույց անելու իմաստը:
Այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական կամքից, անհանդուրժողությունից, անգամ կոռուպցիայի հետ գենետիկ անհամատեղելիությունից բացի՝ ինչպիսին իր անձն է համարում Նիկոլ Փաշինյանը, պահանջում է թերևս հանրային վստահելիություն ունեցող դատական և իրավական համակարգ, որտեղ կայացվող որոշումներն ու վճիռները վայելում են լայն վստահություն:
Անվերապահ վստահության մասին խոսք լինել իհարկե չի կարող, բայց լայն վստահությունը հույժ կարևոր է երկրում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային դարձնելու համար: Որովհետև Նիկոլ Փաշինյանի կամքն ու կոռուպցիայի հետ գենետիկ համատեղելիությունը կասկած չի հարուցում, թեև այստեղ էլ օպետք է խոստովանենք, որ մոտեցումը անվերապահ չէ, սակայն այդուհանդերձ պետական և ազգային անվտանգության հարցերում առանցքային նշանակության խնդիրներում իրավիճակը որքան հնարավոր է քիչ պետք է մնա անձի կամ անձանց հանդեպ հավատի կամ թերահավատության տիրույթում, և որքան հնարավոր է արագ պետք է տեղափոխվի ինստիտուտների հակակշռման և հանրային վստահելիության տիրույթ: