Tuesday, 19 03 2024
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Կա՛մ կփոխեք ձեր մոտեցումները, կա՛մ մենք կընդգծենք ՀԱՊԿ-ի մերկությունը»․ Փաշինյանի կոչն ու Լավրովի երկու երանգները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով մեր վարչապետը կոչ էր արել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գործընկեր պետություններին զենք չվաճառել Ադրբեջանին։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, ապա նա, ըստ էության, ասել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու մեջ խնդիր չի տեսնում, և Ռուսաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ։

Փաշինյանի կոչը Բիշքեկում՝ ՀԱՊԿ-ի նիստին

Պատմությունը հետևյալն է։ Նոյեմբերի 28-ին Բիշքեկում գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով մեր երկրի և ընդհանրապես ողջ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, որոնցից հիմնականը Ադրբեջանական Հանրապետության շարունակական սպառազինումն ու ռազմատենչ նկրտումներն են։ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը, որը կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգությանը։ Իսկ ՀԱՊԿ-ը, Փաշինյանի համոզմամբ, ունի անհրաժեշտ միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար։ Ելնելով այս համոզմունքից՝ Հայաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել ՀԱՊԿ-ի գործընկերներին անպատասխան թողնել Ադրբեջանի նոր դիմումները զենք ձեռք բերելու մասին։

Օտարերկրյա փորձագետներից շատերը, սակայն, կասկածամտորեն են վերաբերվում Փաշինյանի կոչին։ Օրինակ, ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե համոզված է, որ Փաշինյանի կոչը որևէ ազդեցություն չի ունենա զուտ այն պատճառով, որ «Ադրբեջանը վճարունակ է»։

Թափանցիկ, օրինական, հավասարակշռված

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն այս շաբաթվա սկզբին պաշտոնական այցով Ադրբեջանում էր, Բաքվում՝ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին, «Կոմերսանտի» թղթակցի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի վարչապետի վերոնշյալ հայտարարությանը՝ նախ և առաջ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերության» կարևոր ոլորտներից է։

Ապա շարունակել է․ «Ես կարող եմ ասել, որ  ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ մեր գործակցության կարևոր ոլորտներից է։ Մենք այդ գործակցությունը զարգացնում ենք բացարձակ թափանցիկ, միջազգային իրավունքի, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրությունների նորմերին համապատասխան, և հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որ այս տարածաշրջանում ձևավորվել է, և կարևոր է, որ այստեղ պահպանվի կայունությունը»։

Եթե փորձենք թարգմանել Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքերն ու առանձնացնել մեկնաբանության հիմնական բաղադրիչները, ապա Լավրովը, նախ, վերահաստատել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը՝ «ռազմավարական գործընկերություն», նշել ռազմատեխնիկական փոխգործակցության կարևորությունն այս համատեքստում, ապա ասել է, որ զենքի մատակարարումներն Ադրբեջանին թե՛ երկու երկրների օրենսդրությունների տեսանկյունից և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական են։ Մյուս կարևոր բաղադրիչը՝ համոզմունք է հայտնել, թե Ադրբեջանին սպառազինության լայնածավալ մատակարարումներով ուժերի հավասարակշռությունը ադրբեջանական և հայկական կողմերի միջև չի խախտվում։

Միանգամից նշենք, որ բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական գործիչներ Հայաստանում և Հայաստանից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանում, համաձայն չեն այս պնդման հետ, որ ուժերի բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է։ Եվ դրա մասին ամենատարբեր մակարդակներով նշվել է թե՛ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից առաջ, և թե՛ դրանից հետո։

Բայց մինչ այդ համառոտ անդրադառնանք ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության վերջին տասնամյակի պատմությանը, կնքված պայմանագրերին և մատակարարված սպառազինության մոտավոր ծավալներին։

Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը

Ադրբեջանական Հանրապետությունը, 1990-ականների առաջին կեսին պարտվելով ղարաբաղյան առաջին պատերազմում, Հայաստանի հետ հակամարտության մեջ ընտրեց երկարաժամկետ հեռանկարում հայկական կողմի նկատմամբ ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ կարևոր գործոններով գերազանցության հասնելու և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու փորձ կատարելու ռազմավարությունը։ Եվ մոտ 10-15 տարվա ընթացքում կուտակելով հսկայական ֆինանսական միջոցներ նավթի վաճառքից՝ Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմը 2008 թվականից հետո սկսեց խոշոր գործարքներ ստորագրել զենք արտադրող առաջատար երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Իսրայելի, Բելառուսի և այլ երկրների հետ։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին ռուս-ադրբեջանական ամենախոշոր գործարքը կնքվել է 2010 թ․-ին: Տարբեր տեղեկություններով՝ 2010-2012 թթ․-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության պայմանագրեր են ստորագրել սպառազինության առքուվաճառքի մասին։ Ավելի ուշ ռուսական թերթերում սկսեցին կազմակերպել տեղեկատվական արտահոսքեր, որտեղ նշվում էր, թե ինչ զինատեսակներ է ռուսական կողմը մատակարարելու Ադրբեջանին: Առաջին նշանավոր արտահոսքը եղել է «Վեդոմոստի» պարբերականի կայքում 2013 թ․ հունիսին։

Այս տեղեկությունները 2018 թ․ սեպտեմբերին հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՌԴ նախագահի հետ հերթական հանդիպումից հետո ասելով, որ Ադրբեջանն ավելի քան հինգ միլիարդ դոլարի ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել Ռուսաստանից։

Հենց Ռուսաստանն է Ադրբեջանի սպառազինության խոշորագույն մատակարարը։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2016 թ. սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների մասին զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս): SIPRI-ի տվյալներով՝ 2012-16 թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Խոսքը զինատեսակների, ռազմական տեխնիկայի, համակարգերի, սարքավորումների, այդ թվում՝ հարձակողական, մասսայական ոչնչացման զինատեսակների մասին է, ինչպիսին են, օրինակ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրները կամ «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերը։

«Կոմերսանտ» թերթը 2016-ի դեկտեմբերին գրել էր, որ  2010-2014 թթ․ Բաքուն Մոսկվայի հետ համաձայնության է եկել Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, Тор-Մ2Է զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոց, մոտ 100 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ գնելու մասին։ Կնքվել են նաև համաձայնագրեր 100-ից ոչ պակաս Տ-90Ս տանկերի և ԲՄՊ-3 մարտական մեքենաների մոտ 100 միավոր, 18 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային սարքի, նույնքան ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ համակարգի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրների վաճառքի մասին:

Ս․ թ․ հունվարին Ալիևը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է նոր գործարքներ կնքել Ռուսաստանի հետ զենքի մատակարարումների վերաբերյալ։ Նոյեմբերի 29-ին համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

https://hay-life.ru/wp-content/uploads/2019/05/Daniel-Ioannisyan-1-e1533033571792.jpg

Ռազմական հավասարակշռությունը խախտվա՛ծ է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ արտգործնախարարի խոսքերը մեկնաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ առաջին հերթին ընդգծելով, որ ռազմական ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում ապահովված չէ։ Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխանությանը միջազգային իրավունքի նորմերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ պետություններից միայն Ռուսաստանն է զենք մատակարարում հակամարտող երկրներին, իսկ ընդհանրապես Մինսկի խմբից, որն ունի 11 անդամ երկիր, Ռուսաստանն ու Թուրքիան։ Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ սա Ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային պայմանավորվածության խախտում է։

«Իրար կողք կողքի դրեք, ըստ ոլորտների, Հայաստանին և Ադրբեջանին մատակարարված սպառազինությունները և կտեսնեք, որ դրանք անհամեմատելի են։ Երկրորդը, ինչ վերաբերում է միջազգային նորմերին և կանոններին՝ պետք է հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից միայն երկուսն են, որ խախտել են այն պայմանավորվածությունը, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերին զենք չեն մատակարարելու։ Այդ երկու երկրները Ռուսաստանն են և Թուրքիան։ Խոսքը ոչ թե համանախագահող երկրների մասին է, այլ առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մասին։ Իսկ համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն է, որ խախտել է այդ պայմանավորվածությունը։ Ասեմ ավելին, ես ազնվությամբ չեմ պատկերացնում, որ ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր կվաճառի զենք որևիցե երկրի, որը ռազմական կոնֆլիկտի մեջ է ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ պետության։ Ինձ հայտնի չէ նման դեպք, և ես չեմ էլ կարող պատկերացնել նման բան»,- նշեց Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի այս կեցվածքը և իրերի դասավորությունը մեր տարածաշրջանում ցույց է տալիս ՀԱՊԿ-ի մերկությունը։

Փաշինյանի կոչն ու ՀԱՊԿ-ի մերկությունը

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր առիթներով խոսել է այս կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին, ասել է, որ ՀԱՊԿ գործընկերները պիտի փոխադարձ պարտավորություններ ունենան անվտանգության, ռազմաքաղաքական ոլորտներում և պահպանեն այդ պարտավորությունները։ Այս հայտարարություններն արվել են, մասնավորապես, Բելառուսի օրինակով, որը ևս ռազմատեխնիկական սերտ համագործակցության մեջ է նավթադոլարներով հարուստ հարևան պետության հետ։

Դանիել Իոաննիսյանի տպավորությամբ՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը Բիշքեկի նիստին կոչ էր՝ ուղղված Ռուսաստանին, որ «կա՛մ դուք կփոխեք ձեր մոտեցումները, կա՛մ մենք կընդգծենք ՀԱՊԿ-ի մերկությունը»։

Եվ Լավրովի պատասխանը, մեր զրուցակցի խոսքերով, ենթադրում է, որ Ռուսաստանն իր մոտեցումները չի փոխելու, ինչն ինքնին ցույց է տալիս «ՀԱՊԿ-ի անիմաստությունը»։

«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի արդյունավետությունը չի կարող բարձրացվել, որ ՀԱՊԿ-ը գոյություն չունեցող կառույց է, ուղղակի կառույց է, որը գոյություն չունի, կառույց է, որի նպատակը ցույց տալն է աշխարհին, որ Ռուսաստանը այդքան էլ մենակ չէ։ Իհարկե, Փաշինյանի ջանքերը հասկանալի են։ Նա չի ուզում առճակատման գնալ Ռուսաստանի հետ և ուզում է անընդհատ օգտագործել այդ կառույցը, առավելագույնը քամել այդ կառույցից։ Թե ինչքանը կստացվի քամել այդ կառույցից՝ դժվար է ասել, բայց ամեն դեպքում, կարծում եմ, յուրաքանչյուրը Փաշինյանի փոխարեն այդպես կվարվեր։ Նախորդ իշխանություններն էլ, շատ ավելի թույլ դիրքերից խոսելով, փորձում էին դա անել»,- մեկնաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգողը։

https://i1.wp.com/araratnews.am/wp-content/uploads/2017/08/537.jpg?w=588

Ամենաբարդը Ռուսաստանի վիճակն է

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը այլ տեսանկյունից է նայում հարցին՝ ասելով, թե Ռուսաստանը շատ բարդ վիճակում է, քանի որ, կոնֆլիկտի մի կողմում Հայաստանն է, որը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ մյուս կողմում Ադրբեջանն է, որին Մոսկվայում համարում են Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Սա, ըստ ռուսաստանցի փորձագետների, մեկ աստիճան ցածր է ռազմավարական դաշնակցի մակարդակից, բայց ամեն դեպքում ռազմավարական խորություն ենթադրող հարաբերությունների մակարդակ է։ Եվ, ինչպես Իվան Կոնովալովն է մեկնաբանում, Կրեմլի վիճակը բարդ է այն առումով, որ Հայաստանից բողոքում են, թե ռազմական հավասարակշռությունն Ադրբեջանի օգտին է, իսկ Ադրբեջանից էլ ասում են, թե հավասարակշռությունը հայկական կողմի օգտին է։

«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է իրավիճակը այն համատեքստում, որ ամենաբարդը այս հարցում Ռուսաստանը վիճակն է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի համար իրավիճակը հեշտ է․ կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է, թե Ռուսաստանը այսպես պիտի վարվի կամ այնպես։ Իսկ Ռուսաստանի համար շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը։ Եվ պարոն Լավրովը հենց դա էլ բացատրել է՝ ասելով, որ միայն զսպումների և հակակշիռների մեխանիզմը կիրառելու միջոցով է հնարավոր իրավիճակը Հարավային Կովկասում պահել բանակցային հունի մեջ։ Ահա և վերջ։ Կարծում եմ՝ Լավրովը տվել է բոլոր հարցերի պատասխանը»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Կոնովալովը։

Լավրովի երկու երանգները

Այս պատմության մեջ ևս մի ուշագրավ նրբերանգ կա։ Նախորդ անգամ, անդրադառնալով Լավրովի պաշտոնական այցին Ադրբեջանի Հանրապետություն, նշել էինք, որ Լավրովի այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»։ Եվ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, որը գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում»:

Այլ խոսքերով՝ Ռուսաստանը ղարաբաղյան հարցի լուծումը (!) իր արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է համարում։ Սրանից ընդամենը երկու օր անց՝ դեկտեմբերի 3-ին, այս նույն հաստատության՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում, ըստ էության, հայտարարում է, որ Ադրբեջանական Հանրապետությանը զենք վաճառելու հետ կապված որևէ խնդիր ինքը չի տեսնում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական հավասարակշռության տեսանկյունից, ամեն ինչ օրինական է, թափանցիկ, սարքին և կարգին։ Եվ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին։

Այս երկու հայտարարությունների միջև հակասություն չկա՞։ Սա պարադոքս չէ՞։

«Առաջին լրատվական»-ի այս հարցին Իվան Կոնովալովը պատասխանեց․ «Ո՛չ, ես հակասություն չեմ տեսնում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային հանրության առաջատար երկրների ընդհանուր առաջադրանքն է։ Եկեք անկեղծ լինենք․ հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հարցը այնպես, որ այդ լուծումը ընդունելի լինի և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի համար։ Հետևաբար, սա շա՜տ երկար հեռանկարի հարց է, այն գոյություն է ունենալու շատ երկար, այնքան երկար, որքան գոյություն ունի թուրքական Կիպրոսի հարցը։ Ռուսաստանը դա հասկանում է, բայց, միևնույն է, պատասխանատու է իրեն համարում իրավիճակի համար Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Շատ դժվար է լուծել այս խնդիրը այնպես, որ դա գոհացնի բոլորին։ Այսօր դա հնարավոր է։ Միգուցե դա տեղի ունենա հեռու ապագայում։ Այնպես որ՝ ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում։ Ռուսաստանը գիտակցում է իր պարտավորություններն ու պատասխանատվությունը, բայց միաժամանակ աշխատում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի հետ։ Եվ դա պետք է հասկանալ ու խոստովանել»։

Հակասություն կա՞ արդյոք այն դիրքորոշումների միջև, որ ղարաբաղյան հարցն առաջնահերթ խնդիր է, բայց բացեիբաց պատերազմի պատրաստվող, ագրեսոր Ադրբեջանին զենք վաճառելը դրան չի խանգարում։ Չենք մեկնաբանի։ Միայն մեջբերում կանենք Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթից, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը մեջբերումներ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարություններից և տվել իր գնահատականը․ «Չի բացառվում ռազմական լուծումը»,- դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արված հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը: «Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները»:
Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում