Լուրեր
ՀՅԴ-ն այդ երիտասարդների միջոցով փորձել է թաթիկները տաքացնել. ԱԱԾ-ն պետք է զբաղվի այսօրվա հայտարարությամբ

Ենթադրվում էր, որ ՀՀ երրորդ նախագահին մեղադրանք առաջադրելը կդառնա այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Զուգահեռաբար տեղի են ունենում իրադարձություններ, հնչում են հայտարարություններ, որոնց ինչ-որ տեղ միավորում է ընդհանուր բնութագիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծավան Գոռ Մադոյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ս. Սարգսյանի նկատմամբ այս մեղադրանքի առաջադրումը հարուցեց աղմուկի նոր ալիք, որն ուղղված է ցույց տալու, որ իբրև թե իրավական առումով որևէ բան չկա, և սա քաղաքական հետապնդում է: «Սակայն եթե Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել, ապա ինչո՞ւ եղավ հեղափոխությունը: Անսպասելի չէր, օրինաչափ էր, որ հասել է Ս. Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը»,- նշեց քաղաքագետը:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ Ս. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի պատճառով բարձրացված աղմուկը քաղաքական է, բայց այդ աղմուկը բավականին թույլ ու նվազ է: «Նրա շրջապատն արդեն գիտեր ընթացող պրոցեսի մասին»,- նշեց վերլուծաբանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նախաձեռնություններին և արտախորհրդարանական ուժերի ակտիվացմանը, Գ. Մադոյանը նշեց. «ՀՅԴ-ն գտնում է դիվիդենտներ հավաքելու իր թեման և սկսում է աշխատել ԿԳՄՍ նախարարի դեմ. խնդիրն այն է, որ ընդդիմության կոդը կոնֆլիկտն է: Քաղաքական կոնֆլիկտը նախևառաջ ձեռնտու է ընդդիմությանը, իսկ իշխանությունը խնդիրներ լուծող է»:

Այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն-նամակ է տարածել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։

«Մտահոգվելու տարրեր կան՝ կապված այս նամակի հետ, այդ ի՞նչ պարտիզանական գործողությունների մասին է խոսքը,- նշեց Ռ. Մեհրաբյանը: – Եթե սպիտակած մազերով մարդը փոքր տարիքում քիչ է կռիվ-կռիվ խաղացել և մեծ տարիքում էլի է սիրտն ուզում խաղալ, դա այլ բան է՝ տղայական դրսևորում է, բայց եթե դա լուրջ բան է, կարծում եմ՝ այս հայտարարություն-նամակի հետևից ԱԱԾ-ն պետք է գնա և բոլոր հանգամանքները պարզի. պարտիզանական ցանկություններն ուղղակի խեղդել է պետք:

Մյուս կողմից էլ լուրջ խնդիր է, որ ՀՅԴ-ն երիտասարդներին խելքահան անելով՝ դրդում է անհեռանկար և անհասկանալի գործողությունների՝ փորձելով թաթիկները տաքացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *