Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
«Քանի որ մենք ունեցանք բազմաթիվ խոչընդոտներ, որոնց մասին չէինք պատկերացնում, երբ ես միանում էի մրցարշավին, ներկայում պարզ է դարձել, որ ես չեմ կարողանա վերևներին հասնել այդ լեփ-լեցուն դաշտում: Ես թողնում եմ մրցարշավը, բայց մնում եմ երախտագիտությամբ և լավատեսությամբ լի»,- նահանգապետի հայտարարությունը մեջբերում է Washington Post թերթը:
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Պետության գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է դրանց մասնակցելու մտադրության մասին: