
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների՝ Արցախի Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Վարչապետը հանգամանալից անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:
Մեր այն հարցին, թե ինչպես է կատարվել հանդիպման անդամների ընտրությունը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես դա չգիտեմ, մի շարք թեկնածուների հետ հանդիպել է Հայաստանի վարչապետը։
Այո՛, հավանական թեկնածուների ցանկում կան այլ մարդիկ ևս, բայց այս պահին ոչինչ վերջնական չէ։ Հիմա այս շրջանակի հետ է եղել հանդիպումը, դեռ ժամանակ կա, որ վերջնականապես պարզվի՝ ովքեր են մասնակցելու։ Իսկ ֆորմատի ընտրությունից ես տեղյակ չեմ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հավանաբար հանդիպմանը հրավիրվել են այն թեկնածուները, որոնք ենթադրվում է, որ ֆավորիտ են: «Ժողովրդավարական ֆորմատի պահպանման տրամաբանության մեջ ավելի ճիշտ կլիներ բոլորի հետ հանդիպել, սակայն որոշումը կայացվել է ՀՀ ղեկավարության կողմից, ու ՀՀ ղեկավարությունը ցույց է տվել կոնկրետ վերաբերմունք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև բնական է համարում այն հանգամանքը, որ հանդիպմանը չէր հրավիրվել Վիտալի Բալասանյանը. «Նա հանդես է գալիս ՀՀ իշխանությունների դեմ կոչերով, բայց ինչ վերաբերում է Վահան Բադասյանին, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նա էլ հրավիրված լիներ»։
Դիտարկմանը, թե նախկինում այսպիսի պրակտիկա գոյություն չուներ, և դժվար է մտաբերել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կարող էին ընտրություններից առաջ նման հանդիպում ունենալ, քաղաքագետն արձագանքեց. «Նախկինում որոշումները կայացվում էին ոչ հանրային հասանելիության մակարդակում, և ընտրություններից առաջ պարզ էր, թե ով պետք է դառնա ղեկավար, այդ որոշումները կայացվում էին Երևանում։ Ժողովրդավարական գործընթացների առումով շատ հետաքրքիր է այդ հանդիպումը և ցույց է տալիս, որ Երևանը, գոնե բարոյահոգեբանական մակարդակում, որոշակի վերաբերմունք է ցույց տալիս թեկնածուներին։ Ինչպես արդեն նշեցի՝ Երևանը չէր կարող պաշտպանել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ուստի Հայաստանի վարչապետը հանդիպում է այն թեկնածուներին, ովքեր համարվում են նախագահական մրցավազքի առանցքը, և հավանական է, որ նրանք հետագայում, թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում, կոալիցիոն գործընթացների գնան, ու ձևավորվի մի իշխանություն, որտեղ տեղ կունենան վերը նշված բոլոր անձինք»։
Մեր հաջորդ դիտարկմանը՝ մեծ հաշվով Արցախում թարմություն չի սպասվում, որովհետև բոլոր թեկնածուներն էլ հին համակարգի ներկայացուցիչներ են, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ոչ ոք մեզ չէր էլ խոստացել, որ Արցախում թարմություն է լինելու։ Հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր ռեալ շանսեր ու հնարավորություններ ունեն իշխանություն կազմելու, ինչը բնական է»։
Երևանից ուղղակի աջակցություն որևէ թեկնածուի չի լինի, իսկ ինչ վերաբերում է անուղղակի աջակցությանը, ապա ըստ մեր զրուցակցի՝ կլինի միայն բարոյահոգեբանական մակարդակում. «Չեմ կարծում, թե կլինեն այնպիսի գործընթացներ, ինչպես նախկինում։ Կլինեն որոշակի խորհրդակցություններ, որոնց արդյունքում գլխավոր թեկնածուները կգան որոշակի համաձայնության։ Ըստ իս՝ հնարավոր է այդ համաձայնությունը, քանի որ նրանք գործում են գաղափարական շատ մոտ դաշտում և ներկայացնում են որոշակիորեն նման մոտեցումներ Արցախի ապագայի հետ կապված։ Ուստի, կրկնում եմ, կլինեն որոշակի պայմանավորվածություններ, սակայն դրանք կլինեն ժողովրդավարական արժեքների հիման վրա, և հույս ունեմ, որ ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես անցած տարի անցան Հայաստանի խորհրդարանական ընտրությունները»։
Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այսօր հնարավոր չէ Արցախում պատկերացնել մի իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների գործունեության տրամաբանությունից դուրս կլինի։