Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը TANAP գազատարի բացման արարողության ժամանակ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հունաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք դատապարտում են Թուրքիայի ղեկավարության՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում որոնողական աշխատանքներն ու հորատումը շարունակելու մասին հայտարարությունը:
«Տարածաշրջանում միջազգային իրավունքի գլխավոր խախտողը չի գիտակցում, որ ապօրինությունը արդարություն չի բերում», – ասել են նախարարությունում:
Հունաստանը կարծում է, որ Անկարան խախտում է բոլոր ժողովուրդների կայունությունն ու շահերը տարածաշրջանում և լիակատար արհամարհանք է դրսևորում բարիդրացիության սկզբունքների նկատմամբ:
Հունաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ Թուրքիայի ղեկավարությունը կհասկանա, որ պարտավոր է հարգել միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան գործում է «միջազգային իրավունքի շրջանակներում» և «ոչ մի ճիչ ու գոռոց» չի ստիպի Անկարային Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուց հետ կանչել նավերը, որոնք այնտեղ որոնողական աշխատանքներ են տանում: Նա նաև աջակցեց ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Լիբիայի հետ կնքված փոխհամաձայնության հուշագրին: