Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

«Նորոն ա էղել ինձ փրկողը». նոր զարգացումներ Յոնջլախցի Նորոյի կատարած սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ղազարյանի գործի դատական քննությունը: Այս գործով երկու ամբաստանյալ կար, երկրորդ ամբաստանյալը՝ ազատության մեջ գտնվող Արտակ Հ.-ն, անցած տարվա վերջին մահացել է, նրա մասով քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կարճվել է ամբաստանյալի մահվան հիմքով:

Հիշեցնենք, որ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով և նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արտակ Հ.-ին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող՝ իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր Երևանի բնակիչ Արտակ Հ.-ն: Նա տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հ.-ին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա այդ ծանր մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց պարզվել է, որ Արտակ Հ.-ն… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ «Յոնջլախցի Նորոն», ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների՝ գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հ.-ի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են «Յոնջլախցի Նորոյի» տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորոյի տանը, բացի տանտիրոջից եղել են Արտակ Հ.-ն ու ևս մի Արտակ, երեքով կռվել են բազմաթիվ հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում «Յոնջլախցի Նորոն» ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

«Յոնջլախցի Նորոն» չի ընդունում դիտավորյալ սպանության մեղադրանքը: Իր դիրքորոշումը հայտնելով՝ նա դատարանում ասել է. «Դիտավորյալ սպանություն չի կատարվել… Քսանութ հոգով էկել էին իմ տուն՝ որ ի՞նչ անեն՝ պարզ ա՝ մեզ քյոթակեն…»:

Դատարան էր ներկայացել ու հարցաքննվեց Արտակ Ծ.-ն՝ այն «երկրորդ» Արտակը, որ դեպքի պահին գտնվել էր Նորոյի տանը՝ Արտակ Հ.-ի հետ:

Վկան ասաց, որ հանգուցյալ Արտակ Հ.-ն իր ընկերն է եղել, Նորայր Ղազարյանն էլ նրա «ախպերն» է ու իր ծանոթը:

Վկան նշեց, որ գումարային հարցի հետ կապված «կոնֆլիկտ» կար, Արտակ Հ.-ն զանգել էր իրեն, որ միասին գնան Ավանում գտնվող մի գարեջրատուն՝ առաջացած խնդրի շուրջ խոսելու: Գարեջրատանը «տենց մի առանձնապես միջադեպ» չի եղել: Ըստ վկայի ունեցած տեղեկությունների՝ խնդիրը կապված էր մեքենաների ու գումարի հետ, Արտակ Հ.-ի ծանոթը չէր փոխանցել Արտակի տված գումարը, Արտակը նրանից պարզաբանում էր պահանջում և ընթացքում մի անգամ ձեռքով հարվածել է գումարը չփոխանցած ծանոթի դեմքին: Դրանից հետո իրենք դուրս են եկել գարեջրատնից, գնացել են իրենց գործերով:

Հետո Արտակ Հ.-ն զանգել է Արտակ Ծ.-ին, ասել է, թե գարեջրատան միջադեպի հետ կապված՝ իրեն զանգել ու առաջարկել են նորից հանդիպել: Նա էլ իր հերթին ընկերոջն է առաջարկել միասին գնալ հանդիպման և ասել է, որ նախ պետք է գնա ախպոր՝ Նորոյի տուն: Արտակ Ծ.-ն համաձայնել է, միասին գնացել են «Բանգլադեշ»՝ Նորոյի տուն: Ճանապարհին Արտակ Հ.-ին զանգել, հարցրել են՝ որտե՞ղ ես, նա էլ պատասխանել է, թե «Յոնջլախցի Նորոյի» տուն է գնում:

Նորոն շինարարության մեջ էր, բանվորների հետ գործ էր անում՝ «շալը կապած»: Երկու Արտակներին սուրճ է հյուրասիրել Նորոյի զոքանչը: Արտակ Ծ.-ն սուրճ չէր խմում, նա նկատել է, որ Արտակ Հ.-ն Նորոյի հետ խոսում է, բայց չի լսել՝ ինչ են խոսում. «Էրկու ախպեր իրար հետ խոսում էին, ես ի՞նչ խառնվեի»:

Հետո եկել են նրանք, ովքեր ուզում էին հանդիպել Արտակ Հ.-ին: Մի ամբողջ «ամբոխ է եկել», մտել են Նորոյի տան առաջին հարկ ու, ըստ վկայի, միանգամից հարձակվել են: Այդ ժամանակ Արտակ Հ.-ն վերևի հարկում էր: Ամբոխը ի դեմս Արտակ Ծ.-ի՝ ճանաչել է Արտակ Հ.-ի ընկերոջը, որ նրա հետ գարեջրատանն էր, հետևից հարձակվել, հարվածել են:

Ըստ վկայի՝ ինքն աստիճանների մոտ ընկել է գետնին, կորցրել է «ինքնագիտակցությունը», ինքը ոչ ոքի չի հարվածել. «Դրանից հետո ոչինչ չեմ հիշում, իմ վիճակը շատ վատ էր, ես շոկի մեջ էի, ինձ մարդիկ օգնություն էին ցույց տալիս, բայց բժշկի չեմ դիմել, տանն եմ բուժվել… Հրաշք ա, որ հիմա ողջ կանգնած եմ էստեղ, կարող էին մի քանի հոգի մահացած լինել, ես էլ՝ նրանց մեջ… Սա է իրականությունը…»:

Մեղադրողի հարցերի ընթացքում վկան մտաբերեց, որ երբ «ամբոխը» մտել է Նորոյի տուն, սկզբում հարցրել են Արտակին, հետո հարձակվել են իր վրա:

Ըստ վկայի՝ երբ Արտակին կալանքի տակ էին առել, ինքը նրա հետ հեռախոսով խոսել է, ու նա իրեն ասել է. «Ոնց որ Վահեի մոտ զենք ա էղել»: Վկան ընդգծեց՝ Արտակը հաստատ չի ասել, այլ՝ ենթադրել է, որ տուժող Վահեի մոտ «ոնց որ» զենք կար:

Վկան նշեց, թե ինքը «հեռուստացույցից» է իմացել, որ միջադեպի արդյունքում մարդ է մահացել՝ հենց Վահե անունով. «Տենց էին ասում… Միջադեպի ժամանակ այդ տղան որպես «Վահե» չի ներկայացել, ես չեմ լսել, հետո եմ իմացել անունը…»:

Վկան իր «արժեհամակարգն» էլ հիշատակեց. «Մարդկային արժանիքների մեջ տենց բան չեմ ընդունում, որ գան, հարձակվեն մարդու տան վրա… Նորոն անտեղի ա նստած՝ մարդու տան վրա էին հարձակվել…»:

Նորայր Ղազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ե. Սարգսյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, թե Նորոն իր տանը շինարարների հետ գործ էր անում, գոտկատեղից վերև ոչինչ չկար հագին, միայն շալ էր կապած: Ինքը նրա մոտ զենք կամ որպես զենք գործադրվող այլ առարկա չի տեսել:

Իր ստացած վնասվածքների մասին վկան ասաց, թե ինքը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել՝ գլուխն էր «ծակվել», ձեռքերն ու մեջքը, նաև՝ ներքին օրգաններն էին վնասվել՝ «նենց էին ինձ հարվածել…»:

Պաշտպանի մյուս հարցին ի պատասխան՝ վկան ասաց, թե Յոնջլախցի Նորոն է եղել իրեն փրկողը, հակառակ դեպքում հարձակվողները իրեն կսպանեին, ու ինքն այսօր դատարանում ողջ-ողջ կանգնած չէր լինի. «Մարդն իր տանը, իր ընտանիքի հետ գործ էր անում, հանգիստ՝ իր խասյաթի հետ կապված… Երեխաներ էին խաղում…»:

Վկան չկարողացավ ստույգ հիշել՝ քանի՞ երեխա է տեսել կամ Նորոն քանի երեխա ունի, բայց ասաց, որ տարածքում առնվազն երկու երեխա է տեսել…

Մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը հարցրեց՝ ինչպե՞ս է Նորայր Ղազարյանը փրկել վկային: Այստեղ իր «հանգիստ խասյաթի հետ կապված»՝ միջամտեց ամբաստանյալը. «Բա ես որ չեմ փրկել, ո՞վ ա փրկել… Մարդը մարդկային տրամաբանությամբ ճիշտ բան ա ասում… »:

Ամբաստանյալը հիշեցրեց՝ հարձակվողներն իրենք էլ են ընդունել, որ 28 հոգով են եղել, այդքան մարդ է հարձակվել իր տան վրա, այդքան մարդ մտել է իր կիսակառույց տան առաջին հարկ ու հարձակման է անցել…

Մեղադրող դատախազ Ա. Մարգարյանի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկա Արտակ Ծ.-ի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա ավելի մանրամասն տեղեկություններ էր հայտնել:

Մինչև Նորայր Ղազարյանի տուն գնալը՝ Ավանի գարեջրատանը, ըստ վկայի, Արտակ Հ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Սենոյի դեմքին, վերջինիս շրթունքից արյուն է հոսել… Ինքը՝ վկան, բաժանողի դերում է եղել, չեն թողել, որ կռիվը թեժանա:

Նորայր Ղազարյանի տանը ծավալված իրադարձությունների վերաբերյալ վկան ասել էր, թե հարձակվողներից մեկը Արտակ Հ.-ին ասել է՝ ես Վահեն եմ, ինձ չե՞ս հիշում: Նույն երիտասարդը, ըստ վկայի, դանակով հարվածել է Արտակի ոտքին, Արտակն ընկել է, ապա նույն երիտասարդը հանել է մուգ գույնի, փոքրիկ ատրճանակ ու պահել է Արտակի վրա: Այդ ընթացքում մյուսներն իրեն հարվածում էին, ինքը կորցրել է գիտակցությունն ու հետագա գործողությունները, այդ թվում՝ կրակոցներ արձակելու պահը չի տեսել ու չի լսել:

Նախաքննական հաջորդ ցուցմունքում վկան ասել էր, թե նախորդ ցուցմունքում ատրճանակի մասին հայտնածն իրականությանը չի համապատասխանում, ինքը դա ասել է՝ ելնելով Արտակի խոսքերից: Վերջինս ասել էր, թե իր վրա ատրճանակ էին պահել… Վկան պնդել էր, թե ինքը դեպքի վայրում ոչ մեկի մոտ ատրճանակ չի տեսել, ու խնդրել էր. «Ներողամիտ եղեք իմ ենթադրությունների հիման վրա իրականությանը չհամապատասխանող բան հայտնելու համար»:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկան ասաց, թե ճիշտ են իր դատաքննական ցուցմունքները: Նախաքննական ցուցմունքներում ենթադրաբար է հայտնել ոչ միայն ատրճանակի, այլև այն մասին, որ հարձակվողներից մեկն ասել է՝ ես Վահեն եմ… Նաև՝ որ այդ Վահեն դանակով հարվածել է Արտակի ոտքին, ինքը նման բաներ չի տեսել, միայն գոռոցներ է լսել, տուժող երիտասարդի անունը լսել է «հեռուստացույցից» ու Արտակ Հ.-ից, նախաքննական ցուցմունքներ տալու ժամանակ էլ ինքը եղել է «անգիտակից վիճակում»…

Վկայի հարցաքննությունը հայտարարվեց ավարտված:

Վերջում ամբաստանյալ Նորոն դիմեց դատախազին. «Պարոն դատախազ, ի՞նչ ա լինելու վերջը…»:

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 16-ին, դատարանը դեռ կշարունակի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում