Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականը համարել է ղարաբաղյան հակամարտության շրջանակներում բաց թողնված հնարավորությունների տարի՝ գրում է interfax.az-ը:
«Իհարկե, հակամարտությունը մեծ խնդիր է տարածաշրջանի համար և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Դժբախտաբար, ես համարում եմ, որ այս տարին կարելի է համարել բաց թողնված հնարավորությունների տարի: Դրա պատճառն այն է, որ Հայաստանը խախտում է միջազգային չափանիշները և չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»,- ասել է Ալիևը հինգշաբթի Բաքվում Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը:
Ըստ նրա՝ այս տարի հակամարտությունը լուծելու համար տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպում, երկու երկրների արտգործնախարարները անցկացրել են բանակցությունների մի քանի փուլեր: «Շուտով Սլովակիայում կկայանա արտգործնախարարների հաջորդ հանդիպումը: Հուսով եմ, որ գալիք տարին կդառնա ավելի արդյունավետ, քանի որ շուտով հակամարտության կարգավորումը ձեռնտու կլինի Ադրբեջանին, և ես վստահ եմ, որ դա բխում է հենց Հայաստանի շահերից », – նշել է նա: