ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը:
«Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին սպասում ենք Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի հանդիսություններին և երախտապարտ ենք այն գաղափարին աջակցելու համար, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զորակազմերը մասնակցեն Հաղթանակի զորահանդեսին Կարմիր հրապարակում»,-հայտարարել է Պուտինը ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով լիագումար նիստում:
Պուտինն ընդգծել է, որ հատուկ նշանակություն է տալիս այն բանին, որ ՀԱՊԿ-ի երկրներն այսուհետ էլ միասնական դիրքերից հանդես կգան ֆաշիզմի ջախջախման գործում Խորհրդային Միության ժողովուրդների վճռորոշ դերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: