
Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հայրերի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր համահայկական նշանակության կարևոր հարցի մասին: Փաշինյանը անդրադարձել էր Հայաստան-Սփյուռք հարաբերությանն ու այդ առումով դիտարկել մեկ կառույցի խնդիրը, որի միջոցով Հայաստանը կարողանա հարաբերվել Սփյուռքի հետ: Փաշինյանը նկատել էր, որ հարաբերվելու, հարցեր քննարկելու կառավարության ջանքը բախվում է այն հանգամանքին, որ չկա մեկ լեգիտիմ կառույց, որը ներկայացնի Սփյուռքը, և որի հետ հարաբերվելով՝ կառավարությունը կունենա Սփյուռքի հետ հարաբերության լեգիտիմ հարթակ: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայումս փորձում է քննարկել այդպիսի հարթակի ձևավորման հարցը:
Փաշինյանը շոշափել է կարևորագույն խնդիր, որտեղ, սակայն, շատ կարևոր է հասկանալ, թե ինչի վրա պետք է արվի շեշտադրումը՝ մեկ կառույց գտնելու, ձևավորելո՞ւ, թե՞ բազմաթիվ կառույցների առկայության պարագայում հաղորդակցության հարթակ ձևավորելու, որտեղ կլինեն կարևոր քննարկումները:
Այն, որ հայկական Սփյուռքը խիստ բազմազան ու բազմաշերտ է՝ ակնառու է և չի կարող քննարկման հարց լինել: Ավելին, բազմաշերտ է մեկ առանձին վերցրած երկրի համայնքն ինքնին: Օրինակ՝ այնպիսի համայնքներ, ինչպիսիք Միացյալ Նահանգներում են, Ռուսաստանում կամ Եվրոպական միությունում: Այդ շերտավորումը անշուշտ բավականին բարդացնում է համահայկական փոխհարաբերության արդյունավետությունը, օպերատիվությունը: Մինչդեռ ժամանակակից աշխարհը էլ ավելի է բարձրացնում դրա անհրաժեշտությունը Հայաստանի համար, քանի որ մարտահրավերներն օբյեկտիվորեն ուժգնանում են, իսկ դրան զուգահեռ Հայաստանի դիմադրողունակությունը, այդ հարցում կարողունակությունը չունի համարժեք դինամիկան: Եվ այստեղ դարձյալ կան օբյեկտիվ հանգամանքներ:
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է այդ շրջանակը ընդլայնել համահայկականության համատեքստում, ինչի մասին վարչապետ Փաշինյանը խոսել է դեռևս օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ հրապարակում ասված խոսքը, շոշափված խնդիրները չեն դարձել ոչ միայն համահայկական, այլև նույնիսկ ներքին հասարակական-քաղաքական օրակարգ: Մինչդեռ գուցե արժե խորհել հակառակ ընթացքի մասին՝ ոչ թե ձևավորել կամ մտածել, մշակել կառուցվածք, այլ նախ օրակարգ ձևավորել եղած կառուցվածքների պայմաններում, որն էլ իր հերթին արդեն կարող է հանգեցնել կառուցվածքային վերանայումների, երբ օրակարգը ինքը կթելադրի այն մեխանիզմները, որոնց շրջանակում հնարավոր են արդյունավետ քննարկումներ թե՛ ներհայաստանյան, թե՛ համահայկական մասշտաբում: