Բրազիլիայում նախարարը նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիս է հրավիրել Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, որի ընթացքում ոչ մի բառ չի արտասանել:
Անսովոր պերֆորմանսի տեսանյութը կանանց, ընտանիքի և մարդու իրավունքների նախարարության ղեկավար Դամարես Ալվեսը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Կադրերում պաշտոնյան տարակուսած հայացքով նայում է իր շուրջը հավաքված լրագրողներին, ձեռքերում պտտում է բջջային հեռախոսը, անձայն գլխով է անում ի պատասխան հարցերին, կծում է շրթունքները, հետո տարածում է ձեռքերը և հեռանում:
Նրա գաղափարը ոչ բոլորն են հասկացել: Ուստի, մի քանի ժամ անց, Ալվեսը բացատրություններով տեսանյութ է հրապարակել:
«Իմ լռությամբ ուզում էի լրագրողներին փոխանցել, որ կնոջը չպետք է ստիպեն լռել: Նրանք, իհարկե, անհանգստացան, որովհետև սկզբում չէին հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է նա:
Դամարես Ալվեսը կոչ է արել բոլոր կանանց, որոնք բախվել են բռնության, դիմել նախարարության թեժ գծին: