Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհի 3.5 կմ-ին Opel մակնիշի 35 VD 063 համարանիշի ավտոմեքենայով վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ձիթհանքով գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Համլետ Փիլոյանը, 42-ամյա Արսեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 45-ամյա Ձիթհանքով գյուղի բնակիչ՝ 45-ամյա Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ա. Գյոզալյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Դավթյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Հ. Փիլոյանը։