Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը քննադատել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ մեկնաբանելով նրա վերջին հայտարարությունը.
«Դժբախտաբար, պետք է փաստել, որ ի պատասխան ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ խնդրի լուծման բանաձևերի որոնման նկատմամբ Ադրբեջանի «պարզ և հստակ» դիրքորոշմանը՝ Հայաստանը «զբաղված» է դատարկ դեմագոգիայով՝ կոնկրետ հարցերի ժամանակ «խույս տալով» կոնկրետ պատասխաններից։
Եթե Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ իր երկիրն ընդունում է համանախագահների առաջարկը, ապա դա ենթադրում է ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքներում տեղ գտած հստակ առաջարկները։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հաջորդ քայլը պետք է դառնա իրավաբանորեն պարտադրող խաղաղության պայմանագրի վրա աշխատանքներ տանելը, ինչը կհանգեցնի խաղաղության հաստատմանը։ Սակայն մենք չենք տեսնում, որ Երևանը պատրաստ է դրան։
Ինչ վերաբերում է «միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» գաղափարի «անհեթեթությանը», ապա միջազգային հանրությունը ընդունում և ճանաչում է միայն վերջնական ձևակերպված և ընդունված կարգավիճակը և ոչ թե մանևրում է խոսքերով, ինչպես որ «անում» է Հայաստանի արտգործնախարարը։
Անգամ այն միջանկյալ կարգավիճակը, որը կստանա Լեռնային Ղարաբաղը, չի կարող հաստատվել առանց Ադրբեջանի համաձայնության, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը «եղել, կա և մնալու» է Ադրբեջանի բաղկացուցիչ մասը։
Նալբանդյանին խորհուրդ եմ տալիս այլ խոստումներ որոնել՝ սեփական լսարանին հանգստացնելու համար, քանի որ «խաբելով» սեփական համաքաղաքացիներին, նա և Հայաստանի ողջ ղեկավարությունը խաղում են իրենց երկրի ապագայի դեմ»։
Նշվում է, որ հինգշաբթի օրը Նալբանդյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի կոչը՝ անմիջապես անցում կատարելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման, նշանակում է տապալել բանակցային ողջ գործընթացը։











































