Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Իրանի իշխանությունները մարում են բենզինի ցույցերի կրակը. դրսի միջամտության փորձը կրկին ձախողվեց

Տարածաշրջանում իրավիճակը խիստ անհանգիստ է: Հայաստանին հարակից մի շարք երկրներում քաղաքական կյանքը շարունակում է եռալ: Վերջին օրերին և շաբաթներին զանգվածային ցույցեր, անկարգություններ, բախումներ են եղել, մասնավորապես, Վրաստանում, Իրանում, Իրաքում, Լիբանանում: Անշուշտ, այս բոլոր երկրներն էլ, ինչպես և Հայաստանը, ներքաղաքական, ազգային, կրոնական, պատմական, ի վերջո՝ աշխարհաքաղաքական իրենց առանձնահատկություններն ունեն ու լինելով իրար մոտ՝ նաև զգալիորեն տարբերվում են իրարից: Վերջին օրերի զարգացումներն էլ, քաղաքական կամ տնտեսական ճգնաժամ, անկայունություն հարուցած խնդիրները իրենց բնույթով տարբեր են: Ամեն մի երկիր իր պատմությունն ունի: Բայց քանի որ դրանցից յուրաքանչյուրը յուրովի կարող է ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա՝ անհրաժեշտություն կա քննարկելու, վերլուծելու այդ իրադարձությունները՝ Հայաստանի անվտանգության միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցությունը հասկանալու համար:

Օրինակ, Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը, որը պարբերաբար սրացումներ է ունենում, կապված է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների և ընտրական համակարգի շուրջ ընդդիմության ու իշխանության անհամաձայնության հետ: Լիբանանում հազարավոր քաղաքացիներ բողոքում են սոցիալ-տնտեսական խնդիրներից, կոռուպցիայից: Իրավիճակը չշտկեց անգամ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը: Իրաքում էլ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:

Այլ պատմություն է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղ ևս սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կան: Նոյեմբերի 15-ին Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում սկսված բողոքի ցույցերի պատճառը բենզինի գնի թանկացումն է: Բայց Իրանի խնդիրը շատ ավելի բարդ է, քան պարզապես սոցիալ-տնտեսական, քաղաքական հերթական ճգնաժամը, քանի որ այս պարագայում մեծ ազդեցություն ունեն նաև արտաքին գործոնները: Խոսքն, իհարկե, առաջին հերթին ամերիկյան պատժամիջոցների մասին է: Իրանը ազդեցիկ խաղացող է Մերձավոր և Միջին Արևելքում, բայց ունի շատ ազդեցիկ թշնամիներ տարածաշրջանում՝ ի դեմս Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և մի քանի այլ երկրների:

Վերջիններս ընդգծված հակաիրանական հայացքներ ունեցող Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի գլխավորությամբ և օգնությամբ հետևողական ջանքեր են գործադրում՝ Իրանի դերը տարածաշրջանում սահմանափակելու համար: Այս իմաստով հակակառավարական ցույցերը, ընդվզումները Իրանի կառավարության և իշխող վարչակազմի դեմ, ներքին ցնցումները, ապակայունացումը խիստ շահեկան են Իրանի հակառակորդների համար:

Հիշենք, որ 2018 թ. հունվարին, երբ Իրանի տասնյակ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, դրսի ուժերի միջամտության մասին վարկածները կրկին շատ արդիական էին: Թե՛ այն ժամանակ, թե՛ այս անգամ ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Այս ամսվա զոհերի մասին, սակայն, ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Պաշտոնապես հայտարարվել է 2 զոհի մասին, բայց ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են մի քանի տասնյակի մասին:

Փորձագետներն այս հարցի առնչությամբ ասում են, որ ոչ այնքան կարևոր է զոհերի թիվը, որքան այն, թե որքանո՞վ Իրանի իշխանությունները կարողացան կառավարել այս ճգնաժամը և դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից, քանի որ դրսից միջամտելու փորձերն այս անգամ էլ ակնհայտ էին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

– Պարոն Իսրայելյան, այս զարգացումները Իրանում ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ընդհանուր տարածաշրջանի վրա և որքանո՞վ են կապված ռեգիոնի այլ երկրներում այս օրերին նկատվող քաղաքական անկայունության հետ: Ընդհանուր տրամաբանություն կա՞ այս իրադարձությունների միջև:

– Իրանի իրադարձություններն, իհարկե, ուղիղ կապված չեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ, բայց նաև չենք կարող բացառել դրանց ազդեցությունը: Դրանք առաջին հերթին Իրանի ներսում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների հետևանք են, և ասել, որ Իրանի իշխանությունները չէին կանխատեսում կամ չէին սպասում, որ նման զարգացումներ կարող են տեղի ունենալ, կարծում եմ, սխալ կլինի: Նրանք, բնականաբար, կանխատեսում էին դա՝ շատ լավ գիտակցելով և՛ սոցիալական խնդիրները, և՛ հասարակության զգալի հատվածի դժգոհությունը Իրանում առկա սոցիալ-տնտեսական դժվարություններից, ու վստահաբար որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել էին: Եվ ձեր նշած իրադարձությունների՝ Իրաքում, Լիբանանում տեղի ունեցած ցույցերի օրերին Իրանում ձերբակալվեց, օրինակ, Amadnews լրատվական կայքի համակարգողը, որը մեծ ազդեցություն ուներ 2018 թ.-ի բողոքի ցույցերի ընթացքում և կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում միլիոնավոր հետևորդներ հավաքել: Եվ 2018-ի ցույցերի ժամանակ մենք տեսնում էինք, թե ինչպես էր ամբողջ հասարակությունը տարբեր կետերում արագ ինքնակազմակերպվում և անցնում գործողությունների: Ու նաև հենց այդ սոցիալական ցանցի միջոցով հետագայում, առաջին երկու օրերից հետո սոցիալական պահանջները վերափոխվեցին քաղաքական կարգախոսների ու արդեն կոչեր էին հնչում իշխանությունը փոխելու և Իրանի սխալ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս ամենը հաշվի առնելով՝ Իրանի իշխանությունները պատրաստվում էին և մինչև որոշում կայացնելը մեկուսացրեցին նշված կայքի համակարգողին, և դա շատ առանձնահատուկ ներկայացվեց Իրանում՝ ընգծելով երկրի հետախուզական ուժերի հաջող գործողությունը, որ նրանց հաջողվել է Ֆրանսիայում ձերբակալել նշված անձին և տեղափոխել Իրան:

2018-ի ցույցերի համեմատ՝ վերջին օրերի իրադարձությունները շատ բաներով տարբերվում են: Նախ, այս անգամ մենք գործ ունեինք Իրանի իշխանության երեք թևերի միասնական գործողությունների հետ: Եթե 2018 թ.-ին նախագահ Ռոհանիի կառավարությունը իշխանության տարբեր թևերի կողմից ուղղակի և անուղղակի քննադատությունների ու մեղադրանքների էր արժանանում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները չլուծելու համար, ապա այս անգամ իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Պետք է նշել, որ բենզինի թանկացման որոշումը ոչ թե Իրանի կառավարությունն է կայացրել, այլ իշխանության երեք թևերի ղեկավարներից բաղկացած մարմինը՝ Տնտեսական համակարգման բարձրագույն խորհուրդը: Այդ խորհուրդն է որոշել: Եվ շատ կարևոր է, որ այդ որոշումից անմիջապես հետո իշխանության երեք թևերն իրենց համակարգված գործողություններով փորձեցին ներկայացնել հասարակությանը այն հիմնական ակնկալիքը և նպատակը, որը ենթադրում էր այդ որոշումը: Դրանով ներկայացվում էր թանկացումը՝ նշելով սուբսիդիաների տրամադրումը: Դա գործողություններից մեկն էր:

Բայց այստեղ ևս երկու կարևոր խնդիր կա: Առաջինը, դրանով Իրանը փորձում է խոչընդոտել բենզինի մաքսանենգությունը: Տարածաշրջանում ունենալով ամենաէժան բենզինը՝ Իրանից վերջին տարիներին մաքսանենգ ճանապարհով չափազանց մեծ քանակությամբ բենզին էր դուրս գալիս: Առաջին հերթին փորձեցին դա կասեցնել:

Երկրորդը, կան էկոլոգիական լուրջ խնդիրներ: Վերջին տարիներին, հատկապես մայրաքաղաք Թեհրանում, դա ահռելի վնասներ է պատճառում մարդկանց առողջությանը, ուստի փորձ արվեց նաև այս խնդիրներին լուծում տալ:

Վերադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ դա ավելի շատ 2017 թ. Ռոհանիի քաղաքականության շարունակությունն էր: Եթե այն ժամանակ Ռոհանին իշխանության տարբեր թևերի, տարբեր խմբերի կողմից աջակցություն չստացավ, ինչը հանգեցրեց բողոքի ցույցերին, այս անգամ, կարծես, այդ նույն քաղաքականության շարունակությունն էր: Եվ քանի որ տնտեսական շրջափակման մեջ են, և նավթի վաճառքի խնդիր կա, հետևաբար այստեղ խնդիր է առաջանում առկա ֆինանսական միջոցները արդյունավետ կառավարելու հետ կապված: Եվ դրա հիմնական միջոցներից մեկը հենց այդ որոշումն էր. գինը թանկացնելով՝ սուբսիդիաները անիմաստ չտրամադրել հարուստ հատվածին, այլ այն սուբսիդիան, որը տրամադրում էր կառավարությունը 1000 թումանը պահելու համար, այժմ այդ նույն գումարը նույն չափով տրամադրվելու է Իրանի շուրջ 60 միլիոն քաղաքացիներին: Այստեղ Իրանի իշխանությունները կարողացան շատ արագ և օպերատիվ աշխատել, և հենց առաջին օրը հայտարարվեցին հստակ ժամկետները, թե ե՞րբ են փոխհատուցումները երեք փուլով տրամադրվելու, և հեռուստաընկերությունները կազմակերպեցին քննարկումներ, որտեղ բացատրվում էր, թե որն է դրա նպատակը: Այսինքն՝ տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից բավական օպերատիվ արձագանքեցին, և մշտապես ընդգծվում էր այն ուղերձը, որ այդ որոշումը կայացվել է իշխանության երեք թևերի կողմից:

– Իշխանությունները հայտարարել էին, որ նոյեմբերի 18-ից կսկսեն փոխհատուցել բենզինի գնաճի վնասները: Այդ գործընթացն արդեն սկսվե՞լ է:

– Այո: Եվ եթե 2018 թվականին պետական հեռուստաընկերությունը կամ հայտնի լրատվական կայքերը ընդհանրապես չէին անդրադառնում այդ շրջանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ապա այս անգամ իշխանությունները այլ մոտեցում ցույց տվեցին: Իհարկե, ինտերնետը անջատվեց, որպեսզի արտաքին միջամտություն չլինի, որովհետև առաջին պահից, – ես շատ ուշադիր հետևում էի, – երբ հայտարարվեց բենզինի թանկացման մասին, որոշումը հրապարակվեց, սոցիալական ցանցերում և այն հեռուստաընկերությունները, որոնք Իրանից տարածքից դուրս են գործում, անմիջապես սկսեցին լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել տարբեր քաղաքներում բենզալցակայանների պայթեցման վերաբերյալ, և իրանական կայքերը սկսեցին արագորեն հերքել դրանք: Եվ ընդամենը մի քանի ժամ անց ինտերնետն անջատվեց:

Այսինքն՝ հասկանալի էր, որ միայն հերքումով հնարավոր չէ կանխել ապատեղեկատվության տարածումը, և դա կարող էր ձնագնդի էֆեկտով տարածվել և անկառավարելի դառնալ: Ե՛վ Ռոհանին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, և՛ հեռուստաալիքներով պարբերաբար տեղեկություն էր հրապարակվում այն մասին, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Այնուհետև սկսվեցին մանրամասն քննարկումները, մանրամասն հասարակությանը ներկայացվում էր կառավարության այն կարգադրությունը, որ համապատասխան մարմինները խիստ  ստուգումներ իրականացնեն՝ թույլ չտալու, որ բենզինի թանկացումից հետո թանկանան նաև այլ ապրանքներ, և արհեստականորեն խուճապ չառաջանա երկրում:

Մյուս միջոցառումները նպատակ ունեին, օրինակ, կասեցնելու այն կեղծ կայքերի գործունեությունը, որոնք ինտենետի անջատումից հետո փորձում էին դրսից ապատեղեկատվություն տարածել: Դրանից հետո մի հարձակում տեղի ունեցավ Իրանի բջջային ցանցի բաժանորդների վրա, երբ տարբեր հաղորդագրություններ էին ուղարկվում կառավարության փոխհատուցումների վերաբերյալ՝ ինչ-որ անվստահություն հայտնելով: Դրան ևս արագ արձագանքեցին: Եվ ես նայում էի, թե ինչպես էին այդ օրերին Իրանի հեռուստաընկերությունները փորձում սխեմաներով, պատկերներով բացատրել, թե ո՞ր կայքն է վստահելի, ո՞ր հեռախոսահամարներն են վստահելի և այլն:

Ես, իհարկե, կդժվարանամ ասել, թե ամբողջ երկրի տարածքում ինչ իրավիճակ էր, բայց համենայն դեպս տպավորությունն այնպիսին էր, որ բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ մեկ-երկու օր են տևել՝ շաբաթ և կիրակի օրերին: Ու նաև հեռուստատեսությամբ հրապարակվում էին բողոքի ակցիաները և այն տեսարանները, թե ինչպես են կոտրում բանկերը, այրում բենզալցակայանները, խանութները: Հետաքրքիր է, որ նաև քաղաքացիների հակացույց տեղի ունեցավ: Վերջին 3-4 օրերին Թավրիզում, Թեհրանում, Աբադանում, Սպահանում, Շիրազում բողոքի մեծ ցույցեր են կազմակերպվել ընդդեմ, այսպես ասած, խառնակությունների: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ հեռուստատեսությամբ հաղորդավարը բացահայտ քննադատում էր կառավարության խոսնակին, նախարարներին՝ մեղադրելով որոշումը ուշ հրապարակելու կամ չտեղեկացնելու համար: Այսինքն՝ ոչ թե խնդիրը անտեսվում էր, այլ փորձ էր արվում խնդիրը պահել ուշադրության կենտրոնում՝ խոսելով նաև մտահոգ քաղաքացիների անունից, որպեսզի իրականում խնդիրներ ունեցող քաղաքացիներին տարանջատեն այն խմբերից, որոնք փորձում էին կամ փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից և ապակայունացնել իրադրությունը: Այսպիսով, հիմնական խնդիրն էր թույլ չտալ, որ անկարգություններ հրահրվեն, և երկրում ապակայունանա իրավիճակը:

– Առանցքային հարցերից մեկն այստեղ այն է, թե դրսի ուժերի ճնշումն ու մասնավորապես ամերիկյան պատժամիջոցները որքանո՞վ  եննպաստել սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը Իրանում և ներքին դժգոհությունների աճին: Ընդհանրապես քաղաքականությունն այնպիսի երևույթ է, որ գործընթացները պետք է մեկ ընդհանուր պատկերի մեջ նայել, և այս առումով ներքին վիճակը հնարավոր չէ տարանջատել Իրանի շուրջ ձևավորված միջավայրից և Իրանի դեմ արտաքին ուժերի կողմից իրականացվող գործողություններից: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ու իր տարածաշրջանային դաշնակիցները Իրանը մեկուսացնելու հստակ քաղաքականություն են վարում, և այդ քաղաքականության մեջ կարևոր մաս են կազմում պատժամիջոցները: Կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչ տեսանք, հենց այս ծրագրի նպատակներից է՝ տնտեսական պատժամիջոցներով վատթարացնել սոցիալ-տնտեսական վիճակը Իրանում՝ առաջացնելով բնակչության դժգոհությունը կառավարությունից, որից հետո հնարավոր կլինի տարբեր տեխնոլոգիաների միջոցով միջամտել քաղաքական իրավիճակին: Եվ, ի դեպ, քանի որ համեմատում ենք 2018-ի ցույցերի հետ, այն ժամանակ սոցիալական պահանջները շատ արագ վերափոխվեցին քաղաքական կարգախոսների, ու շատ շուտով արդեն խոսում էին ոչ միայն կառավարության հրաժարականի, այլ ընդհանրապես Իրանում իսլամական վարչակարգի փոփոխության կամ տապալման մասին:

– Իրանի իշխանությունները չեն էլ ժխտում, որ դա հենց ամերիկյան պատժամիջոցների հետևանքն է: Ռոհանին կառավարության նիստին հայտարարեց, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Իրանի քաղաքացիները լուրջ տնտեսական խնդիրներ ունեն այդ պատժամիջոցների պատճառով: Նշվեց, որ Իրանի բնակչության 75 տոկոսը սոցիալական խնդիրներ, տնտեսական դժվարություններ ունի: Միայն 25 տոկոսն է, որ լավ է ապրում: Եվ այդ 75 տոկոս բնակչությունը կազմում է շուրջ 18-20 մլն ընտանիք: Այս տեսանկյունից, երբ ընդամենը մի քանի ամիս անց տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, կարծում եմ, իշխանությունները, վերոնշյալ որոշումը հրապարակելով, մի քանի նպատակ էին հետապնդում: Նախ, թույլ չտալ, որ դժգոհությունները ավելի մոտ լինեն նախընտրական շրջանին, և հնարավոր չլինի դրանք շահարկել նախընտրական բուռն շրջանում: Երկրորդը, 2018 թ.-ի համեմատ իրավիճակը տարբեր էր նաև այն առումով, որ այն ժամանակվա գործողություններն ավելի շատ ներքաղաքական տարաձայնությունների հետևանք էին: Իսկ այս անգամ մենք գործ ունենք իշխանության միասնական դիրքորոշման: Այս պարագայում, ինչու ոչ, արտաքին գործոնը օգտագործելով՝ փորձ է արվում միավորելու հասարակությանը և ընդգծելու արտաքին սպառնալիքները, որպեսզի այս փորձությունը հաղթահարելու դեպքում իշխանության երեք թևերի և հասարակության միասնականությունը ապահովելով՝ մոտենան խորհրդարանական ընտրություններին:

Վերջին շրջանում շատ են խոսում Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա ռազմական հարձակման մասին, բայց ես միշտ ընդգծել եմ, որ Իրանի համար ամենամեծ սպառնալիքը տնտեսական պատժամիջոցներն են: Հետևաբար, Միացյալ Նահանգները ռազմական հարձակում գործելու կարիք էլ չունի, որովհետև Իրանի քաղաքացիներն ամենադաժան ձևով զգում են պատժամիջոցների ազդեցությունը: Սա գուցե նաև փորձարկում էր Իրանի իշխանությունների կողմից: Ռոհանին ավարտում է իր նախագահության երկրորդ ժամկետը և այլևս վերընտրվելու խնդիր չունի: Այդ իսկ պատճառով այս կոշտ, ցավոտ փոփոխությունները փորձում են Ռոհանիի միջոցով իրականացնել, որպեսզի հաջորդ նախագահը կարողանա ավելի բարենպաստ պայմաններում իրականացնել իր տնտեսական քաղաքականությունը: Ռոհանին դեռ ընտրվելուց հետո էր հայտարարել, որ այդ սուբսիդիաներն են, որ թույլ չեն տալիս Իրանի տնտեսությանը զարգանալ: Չհաջողվեց զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը, որոնք կնվազեցնեին տնտեսության կախվածությունը նավթից, հետևաբար նաև ամերիկյան պատժամիջոցներն այն ազդեցությունը չէին ունենա, ինչ ունենում են այսօր: Կարծում եմ՝ հարցին նաև այս տեսանկյունից է պետք նայել:

Իհարկե, լիովին համաձայն եմ, որ արտաքին ճնշման, պատժամիջոցների հիմնական նպատակը հենց դա է, և մեծ հաշվով որոշ հաջողությունների հասել են: Նաև տարածաշրջանային զարգացումներն են իրենց ազդեցությունը ունեցել:

– Ի՞նչ նշանակություն ունեն այս իրադարձությունները Հայաստանի տեսանկյունից և ի՞նչ դիրք պիտի մեր հանրությունը զբաղեցնի Իրանի ներքին ցնցումների նկատմամբ: Նախորդ անգամ էլ նման հարց առաջացավ՝ մենք պե՞տք է գնահատական տանք, պե՞տք է դիրքորոշում արտահայտենք, թե՞ պիտի չեզոք լինենք: Իրանի ապակայունացումը ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի անվտանգության համար:

– Եթե այս գործընթացները տևական լինեն՝ իհարկե, մեզ համար խնդիր կարող է լինել, բայց հիմա էլ այնպես չէ, որ Իրանի հյուսիսային շրջաններում ամեն ինչ հանգիստ է: Անվտանգության տեսանկյունից մեզ համար շատ կարևոր և մտահոգիչ է այն փաստը, որ «Իսլամական պետության» խմբավորումները Մերձավոր Արևելքից անցնում են դեպի Աֆղանստան, Կենտրոնական Ասիա: Այստեղ Իրանին դեռ հաջողվում է շատ կոշտ պայքար մղել այդ խմբավորումների դեմ: Դրա վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնում են: Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է կայուն Իրանը, որն իր շահերից ելնելով՝ փորձելու է այդ սահմանները անվտանգ պահել՝ թույլ չտալու Աֆղանստանից այդ խմբավորումների ներթափանցումը Իրանի տարածք: Հետևաբար, մեզ համար ևս շատ կարևոր է, որ մեր հարավային սահմանները կայուն ու անվտանգ լինեն:

Ինչ վերաբերում է արձագանքին՝ բնականաբար, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մեկնաբանելու տվյալ իրադարձությունները իր տեսանկյունից, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի փորձել օբյեկտիվ նայել իրավիճակին: Բնականաբար, ես էլ գնահատականներ տալիս հստակ համոզմունք չեմ հայտնում: Պարզապես փորձում եմ ճիշտ ֆիլտրել հաղորդվող տեղեկությունները, զգույշ մոտենալ կասկածելի տեղեկատվությանը: Վերցնենք թեկուզ զոհերի մասին տեղեկությունները: Եթե չկա ինտերնետ, չկա հստակ թիվ, պաշտոնապես չի հրապարակվել զոհերի թիվը, ապա, կարծում եմ, կարիք չկա ստեղծելու այն խուճապային տրամադրությունները, որոնք իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ: Հետևաբար, պետք է ուշադիր հետևել և տեսնել, թե հատկապես ո՞ր ուժերը, ո՞ր երկրների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն են, որ փորձում են ապատեղեկատվություն տարածել:

– Այսինքն՝ հստակ թիվ չկա՞, թե քանի մարդ է զոհվել բախումների հետևանքով: Աղբյուրներից մեկը գրել էր, որ երկու օրում 25 մարդ է զոհվել:

– Պաշտոնապես երկու զոհի մասին է հայտարարվել: Նույնիսկ ձերբակալվածների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի հրապարակվում: Կարծում եմ՝ դա իրենց տեղեկատվական քաղաքականության առանձնահատկությունն է: Պետք է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և սպասել նոր տեղեկությունների: Ինտերնետ կապը կվերականգնվի, և եթե հարյուրավոր զոհեր կան, և մարդիկ փաստեր ունեն, նկարահանել են հեռախոսներով, ապա դրա մասին վաղ թե ուշ հայտնի կդառնա:

Բայց մեծ հաշվով ոչ թե զոհերի թիվն է այդքան կարևոր, այլ այն, թե որքանո՞վ իշխանությունները կարողացան կառավարել իրավիճակը և Իրանի հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց դրան: Այս առումով, կարծում եմ, Իրանի իշխանություններին գոնե այս փուլում հաջողվեց մարել կրակը: Եվ հիմա պիտի տեսնենք, թե տնտեսական ի՞նչ քաղաքականություն կվարեն՝ հանդարտեցնելու իրադրությունը երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում