«ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է և բնականաբար ունի ձայնի իրավունք: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ելույթի փաստն ինքնին տարօրինակ չէր: Տարօրինակ էր այն, որ երբ նախկինում ընդդիմությունը դրսում խոսում էր ժողովրդավարության ճգնաժամի մասին, իշխանական թևը քննադատում էր՝ ասելով, որ մեր ներքաղաքական խնդիրների մասին պետք չէ միջազգային բարձր ամբիոններից հայտարարել: Սակայն մենք նույն պատկերը շատ ավելի բարձր մակարդակում տեսանք: Սակայն սրան պետք էր սպասել, քանի որ ցանկացած՝ հատկապես իշխանությունը կորցրած քաղաքական ուժերը որևէ միջոց և ռեսուրս չեն կարող խնայել իշխանության վերադառնալու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Զագրեբում ԵԺԿ համագումարին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ նկատեց՝ ՀՀԿ-ն արգելված կուսակցություն չէ, և Սերժ Սարգսյանն էլ ազատության մեջ է, նրա նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, ուստի ինչո՞ւ պետք է եվրոպական կառույցը կոշտ դիրքորոշում որդեգրի. «Եվրոպացի գործընկերների համար ՀՀԿ-ն դիտարկվում է որպես սովորական կուսակցություն, և հիմա այդ կուսակցությանը ԵԺԿ-ից վտարելու լուրջ հիմքեր չկան»:
Սուրեն Պետրոսյանը տարօրինակ է համարում, որ այն մարդն է խոսում ժողովրդավարական խնդիրներից, ով ուներ 10 անընդմեջ տարիներ և բոլոր միջազգային կազմակերպությունների ցուցանիշներով՝ որևիցե աճ չի բերել. «Ուստի չեմ կարողանում գտնել բարձր ամբիոնից այդ մասին խոսելու նպատակահարմարությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: