Նոյեմբերի 20-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում, և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչ: Լրացուցիչ ուժեր են ժամանել։ Կրակի դեմ պայքարը տևել է մի քանի ժամ։ Անասնագոմում սատկել է 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչև 1 տարեկան 17 հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ: Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը: