Հանրահայտ ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, որը հայտնի է իր խուլիգանություններով, կոչ է արել վերացնել եվրոպական բանկերը, ինչպես հաղորդում է Lenta.ru կայքը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է բարեփոխել ողջ տնտեսական համակարգը` Եվրոպայում բանկերը վերացնելու միջոցով: Դրա համար եվրոպացիներին անհրաժեշտ է հանել բոլոր գումարները վարկային հիմնարկներից: Ժամանակին Կանտոնան աչքի է ընկել ֆուտբոլային դաշտում եւ ֆիլմերում` չարի դեմ իր «պայքարով»: Հիմա նա անցել է ավելի լուրջ պայքարի` նշանակետ վերցնելով եվրոպական բանկիրներին: Անցած շաբաթ նա հարցազրույց է տվել ֆրանսիական Presse Océan թերթին: Սկզբում ենթադրվում էր, որ նա կխոսի ավելի թեթեւ թեմաներից, սակայն Կանտոնան անսպասելիորեն անդրադաձել է տնտեսական թեմաներին: «Հասկանալի է, որ մենք այսօր չենք կարող երջանիկ լինել այն այլանդակություններից, որ կատարվում են հիմա… Բայց փողոցներում քայլերթերն անօգուտ են: դուք խաբում եք ինքներդ ձեզ»,- հայտարարել է Կանտոնան: Նա նշել է, որ մեր ժամանակներում պետք չէ զենք վերցնել եւ մարդկանց սպանել հեղափոխություն իրականացնելու համար. հեղափոխություն կարելի է անել ավելի հեշտ ձեւով: «Քանի որ այս համակարգը կապված է բանկերի հետ, այդ պատճառով դա պետք է վերացնել բանկերի միջոցով: Դրա համար այն երեք միլիոն մարդիկ, որոնք ցույցեր են կազմակերպում, պետք է գնան իրենց բանկերի մոտակա բաժանմունքներ եւ հետ կանչեն իրենց գումարները: Եթե երեք միլիոն, տասը միլիոն մարդ հավաքվի, ապա բանկերի վերջը եկել է»,- հայտարարել է Կանտոնան,- «ո՛չ զենք է պետք, ո՛չ էլ արյուն», եզրակացրել է նա:
Կանտոնայի խոսքերն անարձագանք չեն մնացել, եւ նախաձեռնող մի խումբ նախատեսում է դեկտեմբերի 7-ին ֆլեշ մոբ կազմակերպել, որի ընթացքում բանկերից հետ կկանչվեն քաղաքացիների ներդրումները: Այդ ակցիային արդեն համաձայնել է մասնակցել ավելի քան 14 հազար մարդ: