Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն այս տարի Վրաստանին կհատկացնի 50.73 միլիոն եվրո։ Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր։
Պլանավորված է այդ օգնությունը հատկացնել այսօր Եվրահանձնաժողովի կողմից հաստատված Վրաստանի ամենամյա գործողությունների պլանի իրագործմանը։
Մասնավորապես, այդ գումարն ուղղվելու է քրեական դատական համակարգի աջակցությանը, կոնֆլիկտների լուծմանը և Վրաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծմանը։ Այսօրվա դրությամբ՝ Վրաստանում ներքին տեղահանվածների քանակը կազմում է մոտ 250.000 մարդ։
Բացի Վրաստանից, Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի արևելյան հարևանների Ամենամյա գործողությունների պլանը՝ հաստատելով նրանց տրամադրելիք օգնության չափը։ Օրինակ, Ուկրաինան ստանալու է 30 միլիոն եվրո՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար, իսկ Մոլդովան՝ 78.6 միլիոն եվրո՝ էներգետիկ և դատական ոլորտներում բարեփոխումների անցկացման համար։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին խոսք էր գնում, թե Եվրահանձնաժողովը Վրաստանին հատկացնելու է 60 միլիոն դոլար (46 միլիոն եվրո)։