ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդի իմպիչմենթի վերաբերյալ Կոնգրեսի վերջին լսումները «նշանակալի օր են հանրապետականների համար»: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Նա նման հայտարարություն է արել երկու լսումներից երկրորդի ավարտից հետո:
«Նշանակալի օր հանրապետականների համար, նշանակալի օր մեր երկրի համար»,- նշել է Թրամփը:
Ինչպես հայտնի է, երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի առաջ ցուցմունք են տվել չորս վկա:
Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը նշել է, որ այդ օրը կայացած լսումները նոր բան չեն տվել: Նա նաև հայտարարել է, որ առաջին լսումների երկու մասնակիցներն էլ ասել են, որ Ուկրաինայի ղեկավարության հետ Թրամփի հարաբերություններից որևէ բան չի կարելի համարել որպես «կաշառք» կամ որևէ այլ հանցագործություն:
Միացյալ Նահանգներում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ անանուն տեղեկատուն հայտնել է, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ ուկրաինական իշխանություններին համոզելու համար հետաքննություն սկսել հայր և որդի Բայդենների դեմ՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: