2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Պավել Մանուկյանը դատարանին միջնորդեց, որպեսզի քաղաքացիներին թույլատրվի նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ ներկա գտնվել եւ հետեւել ընթացքին:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում դատական նիստերի դահլիճում կարող են ներկա գտնվել միայն լրագրողները, օպերատորներն ու գործով տուժող՝ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ, նրա հայր Վահրամ Տեփանոսյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արգելել էր այլ քաղաքացիներին ներկա լինել դահլիճում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք աղմկում են եւ խանգարում նիստի ընթացքին: