Սեփական աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը «մեծ» կապեր է ունեցել իրավապահ մարմիններում: Խաչատուրյան քույրերի փաստաբանները կարծում են, որ հենց այդ պատճառով աղջիկները չեն կարողացել օգնության դիմել, երբ հայրն իրենց նեղել է: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը:
Ինչպես նշվում է, քույրերի փաստաբանները դիմում են ուղարկել Գլխավոր դատախազությանը, Անվտանգության դաշնային ծառայությանը և Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ պահանջելով ստուգել նրա կապերը վերահսկիչ գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների հետ: Ավելի վաղ Խաչատուրյանի՝ բարձրաստիճան իրավապահների հետ կապերի վերաբերյալ վարկածը չի ստուգվել:
Այսպես, աղջիկները պնդում են, որ իրենց հայրը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել իրենց վարչական շրջանի Առնո անունով դատախազի հետ, որն իբր օգնել է նրան լուծել խնդիրները:
Քույրերից կրտսերի՝ Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինի խոսքերով՝ Միխայիլ Խաչատուրյանի՝ պաշտոնյաների հետ «համագործակցության» մասին տեղեկությունների հաստատվելու դեպքում ևս մի հիմք կառաջանա քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Ներկայումս Քրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները տնային կալանքի տակ են գտնվում տարբեր բնակարաններում: