Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը, չնայած դրանց նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլին:
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ՄԱԿ-ի վաղեմի դիրքորոշմանը, որ իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը… Մեկ պետության քաղաքական դիրքորոշման փոփոխությունը չի փոխում գործող միջազգային իրավունքը և դրա մեկնաբանումը Միջազգային դատարանի և Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է Կոլվիլը:
Ինչպես հայտնի է, 2004 թ.-ին Միջազգային դատարանը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերը գրավյալ պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, ստեղծվել են միջազգային իրավունքի խախտմամբ:
Իր հերթին, Եվրամիությունը շարունակում է ապօրինի համարել իսրայելական բնակավայրերը: